«Աստված չանի, մարտի 1-ին իմ օրը ընկած լինեիք». Օսկանյանը` Փաշինյանին
«Դուք տասը տարի Հայաստանի արտգործնախարարն եք եղել և հենց դուք եք առաջինը ազատագրված տարածքները համարել օկուպացված տարածքներ, այդ ինչո՞ւ պարոն Հանթսմանը որոշեց ձեզ գումարներ նվիրաբերել», -այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամնավոր Վարդան Օսկանյանի ելույթից հետո նրան հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով հարցադրումները, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ի՞նչ է կարծում նախկին արտգործնախարարը, իրավաչա՞փ էին ոստիկանների գործողությունները 2008-ի մարտի 1-ին, դատապարտո՞ւմ է ՀՀԿ խմբակցության պահվածքը մարտի 4-ի ԱԺ նիստում, երբ չորս պատգամավորներ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանձնվեցին իրավապահներին, դատապարտո՞ւմ է իր և Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը 2008-ի մարտի 1-ին: Հարցերի վերջում Փաշինյանը հետաքրքրվեց` «Պատրա՞ստ եք արդյոք ձեզ հատկացված բարեգործական գումարները նվիրաբերել մարտի 1-ի զոհերի հարազատներին»:
Վերջին հարցին Օսկանյանը ուղղակի չպատասխանեց, փոխարենն ասաց, որ այդ գումարներով «Սիվիլիթաս»-ն է հիմնվել, որտեղ վաթսուն մարդ է աշխատում, որով «քաղաքացիական մեծ ուժ է ստեղծվել»: «Մեր գումարները եկել են Հայաստան և այսօր հզոր քաղաքացիական ուժ է ստեղծվել ի դեմս «Սիվիլիթաս»-ի, ինչի՞ մասին է խոսքը», -նկատեց Օսկանյանը:
Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ Փաշինյանի հարցերին, ապա Օսկանյանը պատասխանեց, որ այդ օրերին ինքը միայն նպատակ է ունեցել կանխել տասը զոհերը: «Մարտի 1-ի վերաբերյալ, Նիկոլ, կարող ենք առանձին նստել, խոսել: Այդ օրը մեկ նպատակ ենք ունեցել` կանխել այդ տասը զոհերը, ուրիշ նպատակ ես չեմ ունեցել: Այդ օրը երանի դուք նման պատասխանատվություն ունենայիք: Աստված չանի, մարտի 1-ին իմ օրը ընկած լինեիք», -պատասխանեց Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարի խոսքով, տարօրինակ կլինի, որ «այս փաստերով» իրեն «հանձնեն»: «Այսօր եթե այս փաստերով ինձ եք հանձնում, վաղն էլ ձեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել իմ տեղում: Պարոն դատախազ, մենք տասը տարի միասին աշխատել ենք, մի հատ նստենք խոսենք, էլի», -ձեռքով ցույց տալով դահլիճում նստածներին, նկատեց Օսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները