Panoarama.am-ի հրապարակման հետքերով. Կենսաթոշակային ծառայությունը խոստանում է վճարել մահացած կնոջ նպաստը
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության վարչությունից արձագանքել են Panorama.am-ի հրապարակմանը և պատրաստ են դստերը վճարել Հայաստանից դուրս մահացած և այնտեղ հուղարկավորված մոր թաղման նպաստը` 200 հազար դրամը:
Panorama.am-ը գրել էր, որ Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում մահացած և այնտեղ հուղարկավորված 77-ամյա տիկին Նարինեի դուստրը կանգնել է փաստի առաջ. սոցիալական ապահովության տարածքային մարմինը և նախարարությունը մերժել են նրան, և այժմ նա չի կարողանում ստանալ մոր թաղման նպաստը` 200 հազար դրամ: Քաղաքացին պատկան մարմինների մերժումներից հետո ճարահատյալ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Այժմ Կենսաթոշակային ապահովության վարչությունից պատասխանել են. «Համապատասխան հաձնարարական է տրվել սոցիալական ապահովության պետական ծառայությանը` Շիրակի մարզի բնակչուհուն վճարել նրա մոր թաղման նպաստը»:
Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պատասխանով չեն բավարարվում և պատրաստվում են կենսաթոշակային օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկությամբ հանդես գալ. ի վերջո տիկին Նարինեի հետ կատարված դեպքը եզակի չէ, նույնաբովանդակ նամակ-խնդրանքներ Պաշտպանի աշխատակազմը շատ է ստանում:
Հիշեցնենք` խնդիրը «Կենսաթոշակների մասին» օրենքում այս տարվա սկզբին կատարված փոփոխություններն էին, որոնց համաձայն, թաղման միանվագ նպաստներ կտրամադրվեն, եթե մահացած քաղաքացու թաղման հուղարկավորությունը կատարվել է Հայաստանում կամ մահվան վկայականը տրվել է ՀՀ իրավասու մարմնի կողմից: Սակայն կառավարության համապատասխան որոշմամբ նշվում է, որ թաղման նպաստ կտրամադրվի այն դեպքում, երբ գերեզմանատնից, որտեղ հուղարկավորվել է անձը, կներկայացվի համապատասխան տեղեկանք:
«Մենք կարծում ենք, որ օրենսդրության ու իրավական ակտերի մեջ շարադրանքը պետք է հստակ լինի. ստացվում է օրենքներն ու կառավարության որոշումները հակասում են իրար, իսկ դրանից տուժում է քաղաքացին», - panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպան Տաթևիկ Թոխյանը:
Նախորդող հրապարակում. Սոցապ նախարարությունը հրաժարվում է նպաստ վճարել. Քաղաքացին ընկել է պատկան մարմինների դռները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են