Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը. ԲՀԿ-ական պատգամավորները դեռ չեն մեկնել Ստրասբուրգ
Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ առաջինն է Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց ու դրան հաջորդած զարգացումներից հետո:
Ինչպես հայտնի դարձավ Panorama.am-ին, հայկական պատվիրակությունը` Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, արդեն Ստրասբուրգում է: Սակայն ոչ ամբողջական կազմով` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակության կմիանան միայն հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Դ.Հարությունյանն ասել էր, որ այս նստաշրջանը Հայաստանի համար կարևոր է, քանի որ անդրադարձ է լինելու Սաֆարովի գործին:
Հիշեցնենք նաև, այսօր Ազգային Ժողովում քննարկվելու է ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ-ին ներկայացրած միջնորդությունը և ենթադրելի է, որ պատգամավորների Ստրասբուրգ չմեկնելը պայմանավորված է հենց այս հանգամանքով:
Նախորդիվ` Դ.Հարությունյան. Մինյոնը կփնտրի այլ ուղիներ իր առաքելությունը կատարելու համար