Վահան Հովհաննիսյանը վտանգ է զգում, որ մի օր էլ Աղվան Հովսեփյանը «կթակի իր դուռը»
Վարդան Օսկանյանի հետ կատարվածը ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանին ստիպել է մտածել իր մասին: Այսօր Ազգային ժողովում Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի քննարկման ժամանակ դաշնակցական գործիչը հետաքրքրվեց գլխավոր դատախազից, իրեն արդյոք նույն ճակատագիրը չի՞ սպառնում, եթե այսօր ինքն օգնում է «Օգնիր եղբորդ» սիրիահայերին օգնելու համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնությանը:
«Կխնդրեի, որ գլխավոր դատախազը իր եզրափակիչ ելույթում ասեր` իմ համար էլ ե՞ք գալու, «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը կանգնեցնե՞նք, որ մի բան չանե՞նք, ոչ մեկին չօգնե՞նք, քաղաքացիական ակտիվություն չդրսևորենք, որովհետև դուք կա՞ք, պարոն Հովսեփյան: Հիմա ի՞նչ անեն, էս պայմաններում ո՞նց աշխատեն մարդիկ, որ բարեգործական ֆոնդերի հետ գործ ունեն», -դիմելով ԱԺ դահլիճում նստած դատախազ Աղվան Հովսեփյանին, հավելեց Հովհաննիսյանը:
Այնուհետև բացատրեց. «Մարդիկ ինձ վստահել են ու խնդրել են աջակցել իրենց, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ վստահել են Վարդանին: Մարդիկ, որ այստեղ նրան շպիոնաժի, Ղարաբաղը ծախելու և այլնի մեջ մեղադրեցին, էդ նույն մարդիկ էին, որ որոնց իշխանության ժամանակ պատգամավորներին Ազգային ժողովի դահլիճում ձերբակալելուց առաջ ծեծում էին: Հիմա իհարկե, պրոգրես ենք ապրում` կալանավորում են առանց ծեծելու»:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Օսկանյանի վարած քաղաքականության մասին իր ելույթում հիշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ «գուցե այդ գումարների դիմաց է Լեռնային Ղարաբաղը դուրս եկել բանակցային գործընթացից»:
Հովհաննիսյանի խոսքով, ինքը շատ կուզեր, որ բոլոր պատգամավորները, իրենից սկսած, ինչպես Օսկանյանն այսօր ներկայացրեց իր հնարավորությունները, պատմեին իրենց եկամուտների ու ստացված գումարների մասին: «Կարող ե՞ն», -հռետորական հարցադրում հնչեցրեց Հովհաննիսյանն ու անմիջապես էլ պատասխանեց. «Շատերը չեն կարող, տեղում կկալանավորեն»:
Նա խորհրդարանական փոքրամասնությանն առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, իսկ դիմելով մեծամասնությանն ասաց. «Իսկապես, սա էն դեպքը չի, որ մարդուն անձեռնմխելիությունից զրկելուց մենք ծառայում ենք արդարադատությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում