ԱԺ նախագահ. Մենք ոչ մեկին չենք հանձնում
Այն տեղեկությունները, թե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նախապես չի իմացել, թե ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպման ժամանակ լինելու է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց: «Նման բան չի կարող լինել: Օսկանյանը գիտեր, որ հանդիպելու ենք ես, ինքը և գլխավոր դատախազը», -հավելեց ԱԺ նախագահը` նշելով, որ այսօր էլ է ինքը հանդիպել Օսկանյանի հետ:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Գագիկ Ծառուկյանի վարքագծին, որ այս հարցի վերաբերյալ քննարկմանը ինքը ներկա չգտնվեց, Աբրահամյանը պատասխանեց. «Իր որոշում է, իր կուսակցության որոշումն է, ես ինչ ասեմ»:
Աբրահամյանի խոսքով, Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, որ Օսկանյանի հետ կատարվածը իրավական ենթատեքստ ունի, լուրջ հիմքեր ունի: «Մենք հենվում ենք իրականության վրա, որ այսօր գործ կա, և գլխավոր դատախազը ներկայացրել է խախտումներ, յուրացումներ և այլն: Գործը կավարտվի, կտեսնենք, եթե մեղավոր կլինի, կլինի, եթե ոչ, ոչ», -հավելեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե ի՞նչ է կարծում Հովիկ Աբրահամյանը, 2013-ի նախագահական ընտրություններում կսատարի՞ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԱԺ նախագահը սկզբում չպատասխանեց հարցին, այնուհետև, երբ լրագրողները պնդեցին, նա ասաց. «Իմ ցանկությունն է, որ սատարի»:
Դիմելով լրագրողներին, Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ ԲՀԿ-ՀՀԿ լարվածության մասով ակնկալիքներ չունենան: «Քննություն է ընթանում և ընթացքը ցույց կտա»,- հավելեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ իր ղեկավարած խորհրդարանը հանձնում է պատգամավորին, Աբրահամյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկին չենք հանձնում»:
Մյուս հարցին, թե ո՞վ է լինելու հաջորդ հանձնվող պատգամավորը, ԱԺ նախագահը նեղսրտեց լրագրողների հարցերից` ասելով, որ նրանք «նորմալ հարցեր» չեն տալիս: