Ռազմական փորձագետ. ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ չեն բացառվում
Հարցազրույց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ:
-Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում հնչած քննադատությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այո, կրքերը լրատվական դաշտում թեժացել են: Բայց մյուս կողմից շատացել են նաև շահարկումները: Կարծում եմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին մասին զեկույցը փոքր-ինչ սխալ է ընկալվել: Այո, զեկույցում նշվել է, որ մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք, սակայն պետք է արձանագրել, որ արդյունքում մատակարարումը իրականացվել է 95 տոկոսով և համապատասխանել է օրենքի պահանջներին, իսկ այն անձիք, ովքեր բարեխիղճ չեն աշխատել ազատվել են պաշտոնից (օրինակ՝ վերջերս աշխատանքից ազատվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը): Ընգծեմ նաև, որ ՊՆ-ի հայտարարած տենդերներին մասնակցնում են ավելի քան 100 կազմակերպություններ, այս թվերը բաց են հասարակության համար, յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ծանոթանալ դրանց համացանցում:
-Նախագահի հրավիրած խորհրդակցությունները, մասնավորապես ՊՆ-ում տարաբնույթ գնահատականների հնչեցնելու առիթ է հանդիսացել: Այն որոշ դեպքերում որպես նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկ է անվանվում: Համամիտ ե՞ք:
-Իրականում մենք ականատես ենք լինում լուրջ բարեփոխումների և առաջընթացի: Ոչ միայն նախագահի այցելությունը ՊՆ, այլև մինչ այդ ու դրանցից հետո տեղի ունեցած նիստերը, վկայում են այն մասին, որ պետության ղեկավարը և կառավարությունը լուրջ է տրամադրված անօրինականության դեմ պայքարում: Եթե սա լիներ ձևականություն կամ նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկ, ապա ամեն ինչ կսահմանափակվեր զուտ սուր քննադատությամբ և ԶԼՄ-ներում այդ ամենի հրապարակմամբ, սակայն մենք տեսնում ենք, որ այդ ամենից հետո լինում են պաշտոնանկություններ, մարդիկ են հեռացվում աշխատանքից, որոշները պատասխանատվության ենթարկվում:
-Ինչպե՞ս կբնութագրեք պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումները:
-Պաշտպանական գերատեսչությունը մեծ առաջընթաց է արձանագրել զորակոչի անցկացման գործում՝ սա ես ասում եմ ոչ թե որպես փորձագետ, այլ որպես քաղաքացի, ով ուղղակի և անուղղակի կերպով մշտապես առնչվում է զորակոչի գործընթացին: Նշեմ, որ զորակոչի ոլորտի առողջացմանը միտված նույնպես բազմաբնույթ իրադարձություններ եղան, ընդհուպ` պաշտոնաթողությունները, ինչպես տեսանք Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը աշխատանքից ազատվեց, նրանից հետո հեռացվեցին մի շարք ոլորտի պատասխանատուներ: Համենայնդեպս, այս գերատեսչությունում հենց «մեծերի գլխից են բռնում»: Ինչպես տեսնում եք Զինված ուժերում անօրինականության դեմ պայքարը մշտական է: Հարկ եմ համարում նշել, որ ՊՆ-ն շոշափելի առաջընթացներ է արձանագրել զորամասերում սանիտարահիգենիկ պայմանների, զինծառայողներին և ազատամարտիկներին բնակարաններով ապահովման հարցում: Միայն այս ամսում պաշտպանության նախարարի մասնակցությամբ 5 և ավելի այցելություններ են եղել բանակային կորպուսներ, որոնց ընթացքում նախարարն ստուգել է իրականացվող շինարարություններն ու ամրաշինական կառույցների հուսալիությունը: Եվ այս ամենը նախարարի այցելությամբ, մինչդեռ շատ հաճախ նախարարը, ելնելով իր զբաղվածությունից, չի կարողանում այցելել զորամասեր, այդ գործառույթներն իրականացնում են ԳՇ պետը կամ այլ պատասխանատու անձիք, այսինքն՝ բանակում լայնածավալ շինարարություն է ընթանում: Ինչ վերաբերում է բնակարանային ապահովության հարցին, ապա թվերն ավելի լավ կխոսեն իմ փոխարեն. 2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաների:
-Բայց շատ հաճախ լսում ենք, որ զորամասերում տիրում է խայտառակ վիճակ՝ կապված սանիտարահիգենիկ վիճակի, կարգապահության և այլնի հետ: Այսինքն՝ այդ պաշտոնանկություններն իրենց արդյունքը չեն տալիս:
-Գիտեք՝ ամենևին էլ տեղին չէ նման բնորոշմամբ ընդհանրացրած խոսել Զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, այո՛, թերացումներ ու բացթողումներ լինում են, չէ՞ որ ՀՀ ԶՈՒ-ն մեր պետությունում ամենամեծ համակարգն է: Այստեղ չնայած որոշակի բացասական երևույթներին, նկատվում են դրական միտումներ: Կարգապահության բարձրացման առումով ինչքան էլ, որ ՊՆ-ն քայլեր ձեռնարկի, այդուհանդերձ պատասխանատվության ողջ չափաբաժինն ընկնում է հենց զորամասերի հրամանատարության վրա: Զորամասերում պարբերաբար ստուգումներ են իրականացվում Ռազմական ոստիկանության, նախարարության համապատասխան բաժինների կողմից, բայց դա չի նշանակում, որ դրանք ամեն օր են: Հրամկազմը և զինծառայողները պետք է ինքնուրույն պահպանեն օրինականության և կարգապահության մթնոլորտը, վերջ ի վերջո մենք գործ ունենք ոչ թե դպրոցական աշակերտների հետ, որոնց պարբերաբար պետք է հետևել, այլ հասուն ու կրթված երիտասարդների հետ: Հասուն մարդուն մի անգամ են մի բանը ասում, բանակում մի քանի անգամ ասում են, բացատրում են, ցույց են տալիս, ստորագրել են տալիս և այլն, սակայն ոմանք նորից կատարում են տարրական սխալներ: Երբեմն հանցագործությունները տեղի են ունենում այնպիսի մանրուքներից, որոնք մարդը սովորում է 10-15 տարեկան հասակում և բանակում դրանով չէ, որ զբաղվում են:
Ցավալի է, որ մեր մեջ մի կարծրատիպ է ձևավորվել, որ ամեն ինչի պատասխանատուն բացառապես Պաշտպանության նախարարությունն է: Չեմ բացառում նաև հետագա պաշտոնանկությունները՝ կապված համակարգում չարաշահումների, անօրինականությունների, ռեժիմի խստացման և այլ պահանջների հետ, բայց պետք է ժամանակից առաջ չընկնել՝ հետաքննություն է գնում ու իրավապահներն իրենց գործն են անում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում