ГА. 2013 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտը գործող նախագահն է
Անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից կառավարությունում անցկացված խորհրդակցություններին` «Голос Армении»-ն գրում է, որ ընդդիմությունն արդեն սկսել է քննադատել ՀՀ նախագահի խորհրդակցությունները, նշելով, թե նախագահի կողմից հնչեցված խնդիրները նոր չեն:
«Այո, նոր չեն,-գրում է թերթը,-սակայն մի բան է, երբ այդ մասին գրում և բարձրաձայնում են մամուլն ու ընդդիմությունը և մեկ այլ բան է, երբ այդ մասին խոսում է երկրի նախագահը»: Նախագահն անձամբ հասարակության ուշադրությունը հրավիրեց բյուջետային փողերի 700 մլն-ի անարդյունավետ օգտագործման վրա, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել քաղաքաշինության նախկին վարչության պետի դեմ, բացի այդ թերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ առողջապահության և քաղաքաշինության նախարարների ապագան էլ առանձնապես «պայծառ» չի լինելու, քանի որ մամուլում արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պետական բյուջեից հատկացված գումարներն օգտագործել է իր մասնավոր հիվանդանոցի և մարզերում ԲՀԿ-ի անունից, իբրև թե, բարեգործական բուժօգնության վրա: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմությունն ակտիվորեն քննադատում է ՀՀ նախագահին՝ նշելով, թե ինչու է վերջինս լռել 4 տարի` «ГА»-ն գրում է. «Այս նախատինքները կարելի էր արդար համարել, եթե չլիներ 2008թ-ի մարտի 1-ից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը, որի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ չէր գնա շեշտակի քայլերի, իսկ երբ հասարակությունն ուշքի եկավ քաղաքական շոկից, սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, և պետք էր լուծել երկրի համար կենսական կարևորության խնդիրներ»:
Նշելով, որ ընդդիմությունը մեղադրում է ՀՀ նախագահին ընտրողների վստահությունը գրավելու նախաձեռնության մեջ` թերթը նկատում է. «Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում: ՀՀ նախագահը քաղաքական գործիչ է, այլ ոչ թե հրեշտակ, և ի դեպ երկրի նախագահը երբեք էլ չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից»: Թերթը նշում է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները նկատում են, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտը գործող նախագահն է: