Հանրապետականը Հովիկ Արգամիչին հայերեն է սովորեցնում. «Փուռը տալը փողոցային բառ չէ»
ԱԺ Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը վիրավորված է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից: «Պարոն Աբրահամյանը չգիտե, որ քաղաքական դարձվածքաբանություն կա, որը փողոցային ժարգոն չէ: Մեր քաղաքական լեքսիկոնում «փուռը տալը» փողոցային ժարգոն, փողոցային բառ չէ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ասաց Համլետ Հարությունյանը:
Ամեն ինչ սկսվել էր Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ, երբ իր ելույթում Համլետ Հարությունյանն օգտագործեց «փուռը տալ» արտահակտությունը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողի հարցին արձագանքեց. «Էդ փողոցային բառերին վերջ տվեք, ամոթ է»:
Հարությունյանն ասում է, որ ինքը հայերեն շատ լավ գիտի, բազում գրքեր է գրել, որոնք կարելի է կշռել` նժարներից մեկին «մի քանի մարդ դնելով»: «Եթե ես մի խոսքը ասում եմ, հասկանում եմ` ինչ եմ ասում: Կա դարձվածքաբանություն, որը շատ կոպիտ է, բայց քաղաքական տերմինոլոգիայի մեջ տեղավորվում է: Արտաքուստ է թվում, թե դա ժարգոն է: Քաղաքական փուռը ուրիշ է, հաց թխելու փուռը ուրիշ է»,- նկատեց Հարությունյանը` ըստ երևույթին ակնարկելով, որ Հովիկ Աբրահամյանը «փուռը տալը» արտահայտությունը ուղիղ է հասկացել:
«Հովիկ Աբրահամյանը, համենայնդեպս, ինձ չպետք է մեղադրեր: Ես երբեք այդ ժարգոնով չեմ խոսել, չեմ էլ կարող խոսել: Եթե ես այնտեղ լինեի, շատ կտրուկ կպատասխանեի: Ինձ համար նշանակություն չունի` ով է, երբ է: Բայց, համենայնդեպս, կա մտավոր սեփականություն, որը չի կարելի համեմատել այլ սեփականության հետ»:
Ովքե՞ր էին «դեմ» քվեարկած 6-ը
Թե ովքեր են Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրին 71 պատգամավորից «դեմ» քվեարկած վեցը, Համլետ Հարությունյանն չի կարող գուշակել: Բայց հաստատ կարող է ասել` ինքը 64 «կողմ» քվեարկածներից է, որովհետև «Վարդան Օսկանյանին մահապատժի չեն ենթարկում, ընդամենը օրենքի շրջանակում կանչում են հարցաքննության»: Ասում է` յուրաքանչյուրն իր խղճի առաջ է պատասխանատու:
Դիտարկմանը, թե փաստորեն Հանրապետականի թիմում կան պատգամավորներ, ովքեր չեն ենթարկվել խմբակցության դիրքորոշմանը, Հարությունյանն իր կարծիքն այսպես արտահայտեց. «Չկա գյուղ, որ շուն չլինի, չկա ժողովուրդ որ դավաճաններ չունենա»:
Ընդհանուր առմամբ, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը և քրեական գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելը, Հարությունյանը քաղաքական գործընթաց չի համարում: Նրա կարծիքով, անտեղի էր այդ հարցին մեկ և կես օր նվիրել:
Հանրապետական խմբակցության իր գործընկերներից մեկի արտահայտած տեսակետը, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով իրենք բարի գործ կատարեցին, Հարությունյանը չի ընդունում: «Չեմ կարծում, որ դա բարի գործ էր, դա բավականին տհաճ գործ էր»,- նշեց նա: