Երևանում ակտիվանում է թատերական կյանքը. մեկնարկում է «ՀայՖեստ»-ը
Այսօր 10-րդ անգամ մեկնարկելու է «ՀայՖեստ» 10-րդ թատերական փառատոնը: Այն բացելու է ճապոնական Դադադադան տենկո թատրոնը: Փառատոնն անցկացվում է «Never miss» կարգախոսով:
Փառատոնի ընթացքում հանդես են գալու 25 թատերական և պարային խմբեր 18 երկրից, այդ թվում եվրոպական երկրներից, Ճապոնիայից, Իրանից, Վրաստանից: Հայաստանյան թատերախմբերից փառատոնին մասնակցելու է «Միհր» թատրոնը, Պետական տիկնիկային թատրոնը, ԳԱԿ Փոքր թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը: Այս տարի մեծ ուշադրություն է հատկացվելու բացօթյա ներկայացումներին. նախատեսված է 5-8 բացօթյա ներկայացում Շառլ Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում:
Ընդհանուր առմամբ, սպասում է 200 մասնակից և հյուր, որոնց թվում միջազգային փառատոների ղեկավարներ և պրոդյուսերներ են, անցկացվելու են վարպետության դասեր:
Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 9-ը:
Տասը տարիների ընթացքում «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում թատերական ներկայացումներով հանդես են եկել 1500-ից ավելի արտասահմանյան մասնակիցներ 50 երկրից: Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանում ժամանակակից թատերական արվեստի միտումներն ու ստեղծել գործակցության հնարավորություններ հայ և արտասահմանցի արվեստագետների միջև: Փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: