Թուրքական կողմի հայտարարությունները հակասում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման տրամաբանությանը
«Թուրքիան իր ոչ կառուցողական ակտիվ ներգրավվածությամբ նպաստեց սիրիական հակամարտության նման սրացմանը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև հենց իր համար: Ուստի, սիրիական խնդրի նկատմամբ իրենց ունեցած դիրքորոշումները փոխելու հետ կապված Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին ուղղված Էրդողանի կոչերի փոխարեն Անկարան կարող էր որպես տարածաշրջանային երկիր և Սիրիային սահմանակից պետություն իր գործողություններով որոշակիորեն զերծ պահել հակամարտության կողմերին նման զարգացումներից, սակայն դա այդպես չեղավ: Ընդհակառակը՝ առավել քան ակնհայտ է, որ սիրիական հակամարտության մեջ Թուրքիան ունի բացառապես բացասական դերակատարություն»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեք Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հարցում, ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 4-րդ համագումարում Էրդողանի հայտարարությունն այն մասին որ Թուրքիան երբեք չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ մեր ադրբեջանցի եղբայրներն իրենց ուզածը չեն ստացել, Լ. Հովսեփյանը նշեց. «Էրդողանի այդ հայտարարությունը չի բխում տարածաշրջանում անվտանգության ու կայունության` նույնիսկ Թուրքիայի զուտ դեկլարատիվ արտաքին քաղաքական սկզբունքներից»:
«Ինչպես Էրդողանի` կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության 4-րդ համագումարում, այնպես էլ օրեր առաջ Դավութօղլուի` ՄԱԿ ԳԱ-ում արած հայտարարությունները հակասում են տարածաշրջանային կայունության ու անվտանգության հաստատման տրամաբանությանը, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման միջազգային հանրության ու նաև հենց Թուրքիայի արտաքին քաղաքականության հռչակված սկզբունքներին: Նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանային խնդիրների լուծմանը և կայունության ամրապնդմանը: Թուրքիան ոչ միայն հայտարարություններով, այլև իր գործողություններով չի նպաստում մեր տարածաշրջանում վստահության մթնոլորտի հաստատմանը: Եվ սա ոչ միայն հարավկովկասյան, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանի լայն իմաստով: Հենց Թուրքիայի գործողություններն են այստեղ ստեղծել և ստեղծում լրացուցիչ լարվածություն», - նշեց թուրքագետը` ավելացնելով, որ դա առավելապես ակնհայտ է Սիրիայի պարագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան