«Politics.hu». Օրբանը համոզված է՝ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնումը ճիշտ որոշում էր
«Կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանին հանձնումը ճիշտ որոշում էր, որը թույլ տվեց Հունգարիային ելնել հայ-ադրբեջանական հակամարտությունից»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խորհրդարանում` պատասխանելով սոցիալիստական կուսակցության պատգամավոր Լասլո Կովաչի հարցերին: Այս մասին տեղեկացնում է «politics.hu» հունգարական լրատվական կայքը:
Կովաչը հիշեցրել է, որ և´ ԱԳ նախարարը, և´ Արդարադատության նախարարը դեմ են եղել արտահանձնման որոշմանը, քանի որ նախապես իմացել են, որ հայրենիքում մարդասպանին հերոսի կոչում է տրվելու և ներում շնորհվելու:
Օրբանը նաև կրկնել է իր՝ ավելի վաղ հնչեցրած այն մոտեցումը, որ Սաֆարովի արտահանաձնումը համապատասխանում է միջազգային նորմերին:
«Մենք նույն կերպ կվարվեինք, եթե հայը ադրբեջանցու սպանած լիներ: Հունգարիան պետք է ավելի շատ հետևի իր անձնական շահերին, քան Ադրբեջանի կամ Հայաստանի»,- նշել է Հունգարիայի վարչապետը:
Կովաչն ընդգծել է, որ իր այս քայլով Հունգարիան ներխուժել է ԼՂ հիմնախնդիր, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ է շահել Հունգարիան այդ որոշումից:
Հունագարիայի վարչապետը տարակուսանք է հայտնել այն հարցում, որ Սաֆարովի արտահանձման հարցում և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն համակարծիք են եղել և քննադատել Հունգարիայի որոշումը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը դեռևս կշարունակվի որոշ ժամանակ, սակայն Հունգարիան դուրս է եկել դրանից` արտահանձնելով ադրբեջանցի դատապարտյալին: Այնքան ժամանակ, մինչ նա այստեղ էր, նա շատ հակասություններ և բարդություններ էր առաջացնում, իսկ իրավիճակը մոտ ապագայում հավանաբար չէր փոխվի»,- նշել է Օրբանը:
Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: