Գերմանիայի դեսպան. Հայաստանն է որոշելու, թե երբ կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ
«Մենք չենք քննադատում, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Սա Հայաստանի իրավունքն է, Հայաստանի անկախ որոշումը»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, պատասխանելով panorama.am-ի լրագրողի հարցին, թե որքանով է Գերմանիան կիսում ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի կարծիքը, թե Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումն անընդունելի է:
«Սաֆարովի դեպքը զգացմունքային տեսանկյունից բացառիկ է: Որպես այդպիսին` կատարված արարքն արդեն թյուրիմացություն է, և այն հետևանքները, որոնք եղան Ադրբեջանում Սաֆարովին ներում շնորհելուց հետո նույնպես չափից դուրս էին: Տվյալ դեպքում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Հայաստանի որոշումն ըմբռնելի է»,-ասաց նա` հավելելով, որ որպես ինքնիշխան և անկախ երկիր Հայաստանն է որոշելու, թե երբ կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:
Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:
Հայաստանը, իր հերթին կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: