Ա.Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը հետ վերցնելու մասին անգամ չի խոսել
«Իրենց մոգոնածները կարող են պահել իրենց` անգամ կես բառ մանդատի հետ կապված չի քննարկվել, Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը հետ վերցնելու մասին անգամ չի խոսել, ուր մնաց այդ հարցը քննարկվեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօրվա մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել հետ վերցնել իր մանդատը, քանի որ «Ազատ դեմոկրատների» Խաչատուր Քոքոբելյանը չի կատարել իր խոստումը:
Ա.Մարտիրոսյանը հերքելով այդ անհիմն տեղեկատվությունը նշեց նաև, որ բացի այդ մամուլում սխալ տեղեկատվություն է տեղ գտել նաև այդ նիստի հետ կապված, քանի որ, նախ` «Ժառանգությունը» չունի քաղխորհրդ, այլ ունի խորհուրդ ու վարչություն, իսկ բացի այս ոչ թե երեկ է նիստ կայացել, այլ երկուշաբթի երեկոյան, այն էլ` վարչության խորհրդակցություն:
Այս ամենից զատ նշենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելու ժամկետը լրացել է դեռևս երեկ, և առաջիկա օրերին ԿԸՀ-ն կքննարկի այն: Ու, հավանաբար, երկու շաբաթից մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը կներկայանա նոր պատգամավորով` Թևան Պողոսյանով:
Նախորդիվ` Նոր սկանդալ՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միջև. Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կվերցնի՞ մանդատը