Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Քոչարյանն է տարածված հայտարարության հեղինակը
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հավատում, որ ՀՀ 2-րդ նախագահի անունից Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ տարածած հայտարարության հեղինակը հենց Ռոբերտ Քոչարյանն է:
«Ես իհարկե կարող եմ մեկնաբանել, բայց հայտարարության տակ որևէ ստորագրություն չկա, և ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը այս տարիների ընթացքում բնավորությունը փոխել է, պարզապես հայտարարություն է, որը ոչ նման է իր լեքսիկոնին, ոչ էլ իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորությանը», -լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խոսելով Քոչարյանի հայտարարության մասին, ասաց Սահակյանը:
Նրա խոսքով, փորձը ցույց է տվել, որ նախկին նախագահները ինչ-որ ժամանակ լռում են և հետո խոսում, հետևաբար, հայտարարության տեքստը կարող է հավաստի չլինել:
Նշենք, որ իր հայտարարության մեջ Քոչարյանն ասել էր, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը «խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»:
Այս առնչությամբ, Սահակյանը նկատեց. «Նայած ով, ինչպես կմտածի, սա սկզբունքային է, ի դեպ, ձևավորվել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ որոշակի խնդիրներ են առաջանում պատգամավորների վերաբերյալ, որևէ դեպք չունենք, որ խորհրդարանը մտածի, որ քրեական նմանատիպ գործերն իր համար միջոց դառնան: Մենք ունենք լիազորված մարմին, պետք է հավատանք այդ մարմնին, որպեսզի խնդիրը թնջուկ չդառնա և ինչ որ ժամանակ լուծում գտնի»:
Նա զարմանալի է համարում այն, որ անընդհատ շեշտվում է Վարդան Օսկանյանի կուսակցական պատկանելությունը: «Վարդան Օսկանյանը պատգամավոր է և ինչպես մյուս դեպքերը, հարցը պիտի քննարկվեր այնպես, ինչպես եղել է մինչ այսօր և նաև խորհրդարանի որոշումը պիտի լիներ այնպես, ինչպես նախկինում է եղել»:
Քոչարյանի հայտարարությունը. «Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները