Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանի ՔԿՀ-ներում բանտարկյալների վերաբերյալ ԵԽ հանձնաժողովի զեկույցը
«Ընդհանրապես ԵԽ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ու պատժի կանխարգելման հանձնաժողովի զեկուցներն արտացոլում են օբյեկտիվ իրականությունը: Չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովը ղեկավարում է ազգությամբ ադրբեջանցի, այդ փաստը չի կարող ազդեցություն ունենալ զեկույցի որակի վրա: Զեկույցի պատրաստման գործում ներգրավված են ոչ թե քաղաքական գործիչներ, այլև փորձագետներ»: Այս մասին Ստրասբուրգում panorama.am թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ԵԽ հանձնաժողովի Հայաստանի ՔԿՀ-ներում բանտարկյալների վերաբերյալ զեկույցը:
Հարությունյանի խոսքերով, զեկույցում տեղ գտած հանձնարարականները պետք է իրականացվեն գործադիր իշխանության կողմից: Խորհրդարանականներն, իրենց հերթին, պետք է հասանելի դարձնեն զեկույցի բովանդակությունը հանրությանը:
«Մենք չենք թաքցնում ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես դա արվում է այլ երկրներում: Զեկույցի հրապարակման իրավունքը պատկանում է պետությանը», - ասել է Հարությունյանը:
Նա ընդգծել է նաև, թե բանտերում օպտիմալացման պայմանները պայմանավորված են երկրի նյութական ռեսուրսներով, սակայն ամեն դեպքում պետք է ամեն ինչ անել նշված հանձնարարականները կատարելու համար, քանի որ խոսք է գնում մարդու հիմնարար իրավունքների մասին:
«Մեզ մոտ թերություններ են արձանագրվել նախորդ զեկույցի հանձնարարականների կատարման մասով, ինչին հանձնաժողովը ևս մեկ անգամ անդրադարձել է, և կարծում եմ, մոտ ժամանակներում հանձնաժողովը կրկին ստուգումներ կանցկացնի`գնահատելու, թե ինքանով են այդ թերությունները վերացվել», - նշել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԵԽ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ու պատժի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր ՀՀ գործադիր իշխանությանը հանձնարարականներով՝ բանտերում ցմահ ազատազրկվածների պահման պայմանների առնչությամբ:
Զեկույցում նշվում է, թե այն կազմվել է 2011 թ-ի դեկտեմբերին ԵԽ փորձագետների Երևան այցելության ժամանակ: Նշվում է նաև, թե, ընդհանուր առմամբ, բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ՔՀԿ աշխատակիցների կողմից նորմալ է եղել և իրենք վատ կամ միտումնավոր դաժան վերաբերմունքի բողոքներ չեն արձանագրել: Այնուհանդերձ, բանտում ստեղծված կենսական վատ պայմանները անհնար են դարձնում ազատազրկվածների պահումը երկար ժամկետում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում