Առողջ մարդը հաշմանդամության կարգ ստանալու համար տվել է 200 հզ դրամ կաշառք
Հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքում հաշմանդամության կարգ տրամադրող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը կարգը տրամադրել է 150-200 հազար դրամով: Այդ մասին այսօր Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարեց Կառավարության վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը:
Իսկ հաշմանդամության, հիմնականում երրորդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի վճարում կատարելու միջոցով: Ընդհանուր առմամբ, վերահսկողական ծառայության ղեկավարի ներկայացմամբ, տարեկան 65 հազար քաղաքացի հաշմանդամության կարգ ստանալու համար գումարներ է վճարում:
Այս դեպքում, ըստ Գրիգորյանի, գործարքն իրականացվել է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Այս ուսումնասիրությանը ծանոթանալուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը եզրակացրեց. «Խայտառակ վիճակ է»:
Ոլորտում ներկայացված իրավիճակը Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանի համար անակնկալ էր: Նա ասաց, որ ինչ-որ դեպքեր եղել են, բայց անմիջապես հարցը լուծվել է, սակայն որ համատարած նման իրավիճակ է, խորհրդակցության ընթացքում տեղեկացավ:
Խորհրդակցության ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ իրավիճակի պատասխանատուն ինքն է և գործակալության պետը` Միշա Վանյանը: «Այդ ամենը մեզ համար անընդունելի է, կիրականացնենք ծառայողական քննություն և արդյունքները կտրամադրենք իրավապահ մարմիններին», -վարչապետի ներկայությամբ խոստացավ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները