Էջմիածնի դպրոցում մեկնարկել է «ՆՈՒՌ» ծրագիրը
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը, «ՆՈՒՌ» ծրագրի շրջանակներում, այսօր 129 XO համակարգիչ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին: Այս դպրոցը դարձել է առաջինը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեկնարկել է «ՆՈՒՌ» ծրագիրը:
Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի մեկնարկի արարողությանը ներկա էին Տեր Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր վարդան Աբեղա Նավասարդյանը, Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը, «ՆՈՒՌ» ծրագրի ղեկավար Արիաս Սեբաստյան Դյուվալը, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը:
ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:
Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին: Ծրագիրը շարունակական է, առաջիկայում համակարգիչներ կստանան նաև այս սեպտեմբերին առաջին դասարան ընդունված երեխաները:
ՆՈՒՌ ծրագիրը ԼՂՀ-ում իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:
ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում ևս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:
Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլեւ նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ:
«Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը»,- նշել է Է. էռնեկյանը:
ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը` ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա