Իսլամագետ. Ա. Փաշազադեի հայտարարությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Ադրբեջանում բնակվող իսլամադավան տարբեր համայնքնե
Հոկտեմբերի 1-ին «Կովկասի մուսուլմանների վարչության» ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, մասնակցելով Վարդաշեն (այժմ անվանափոխված՝ Օղուզ) քաղաքում կազմակերպված սեմինարին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում հատկապես հյուսիսում և հարավում գործում են «մութ ուժեր», որոնք իսլամի օգնությամբ փորձում են բացասաբար ներազդել երկրի զարգացման վրա: Նա նաև ավելացրել է, որ այդ ուժերը սկսել են ակտիվ քարոզչությամբ զբաղվել դեռևս Ադրբեջանի անկախացումից սկսած, և, «իրենց վահաբականներ և ծայրահեղ շիաներ համարելով, դրանք քարոզում են ադրբեջանական մուսուլման ժողովրդին խորթ գաղափարներ»:
Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարության հետ կապված «Panorama.am»-ը զրուցեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
-Ինչպես կմեկնաբանեք «Կովկասի մուսուլմանների վարչության» ղեկավարի հայտարարությունն Ադրբեջանում գործող մուսուլմանական ուժերի գործունեության մասին, առավել ևս, որ Ա. Փաշազադեի խոսքից երևում է, որ այդ ուժերը արդեն տարածված են Ադրբեջանի ողջ տարածքով:
-Եթե ընդունենք Ա. Փաշազադեի մտահոգությունն առ այն, որ այդ ուժերը շատ վաղուց են գործում, դեռևս Ադրբեջանի անկախացումից սկսած, ապա հարց է առաջանում, թե ինչի համար է ստեղծվել և գործում «Կովկասի մուսուլմանների վարչությունը», եթե ոչ մուսուլմանական համայնքում առկա հիմնախնդիրներին լուծումներ տալու և Ադրբեջանում իսլամական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար: Իսկ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից այս խնդրի բարձրաձայնումը խոսում է հենց Ադրբեջանում օրեցօր ավելացող իսլամիստական ակտիվության մասին:
Հարկ է նշել մի կարևոր հանգամանք ևս. եթե մի կողմ թողնելու լինենք հիմնահարցի քաղաքական և հասարակական հնչեղության հանգամանքը և այն դիտենք զուտ մահմեդական դավանաբանության համատեքստում, ապա իսլամական ավանդույթի համաձայն մուսուլմանական համայնքը (ումման) պետք է բաժանվի 73 ուղղության, որոնցից միայն մեկն է լինելու ճշմարիտը, սակայն, այդ տեղեկությունը հաստատող հադիսում (հադիսները Մուհամմադ մարգարեի վարքագծի, խոսքերի և արարքների ավանդույթային ձևակերպումն է, որը մուսուլմանների համար համարվում է երկրորդ հեղինակավոր աղբյուրը Ղուրանից հետո), մարգարեն չի նշում, թե այդ ուղղություններից կոնկրետ որն է լինելու բացառիկն ու ճշմարիտը` մատնանշելով միայն, որ դա կլինի այն ուղղությունը, որը կշարժվի մարգարեի և նրա համախոհների նախանշած ուղով: Այս տեսանկյունից փաստորեն իսլամի բոլոր հոսանքներն էլ կարող են իրենց իրավունք վերապահել համարվելու հենց այդ ուղղությունը, քանի որ ադրբեջանցիների մեծամասնությունը շիականության ջաֆարիական ուղղության հետևորդներ են, որը մտնում է Մուհամմադ մարգարեի կողմից նշված 73 ուղղությունների մեջ, սակայն դա իրավունք չի տալիս Ա. Փաշազադեին վահաբիներին և շիական այլ ուղղություններին պիտակավորումներ տալու, իսկ նրա կողմից տրված գնահատականները ոչ միայն չեն նպաստում ադրբեջանական հասարակության մեջ կրոնական հանդուրժողականության գաղափարների տարածմանն, այլ նաև ստեղծում են լրացուցիչ լարվածություն այդ երկրում բնակվող իսլամադավան տարբեր համայնքների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում