Վարչապետը խորհրդարանական ընդդիմությանը հորդորում է փոխադարձ հարգալից լինել կառավարության նկատմամբ
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դժգոհեց իրենց նկատմամբ կառավարության դրսևորած վերաբերմունքից:
Նա նկատեց, որ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (Մապի Ալիկ) որդու մասնակցությամբ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Բամաբակաշատում կատարաված հանցագործության վերաբերյալ հարցադրում է ուղարկել ՀՀ ոստիկանություն, սակայն պատասխանն ուղարկվել է շատ ուշացումով: Բացի այդ, որպես կառավարության վատ վերաբերմունքի նշան, նա հիշեց նաև այսօրվա դեպքը, որ 2011-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետը զեկուցել է ու գնացել` չպատասխանելով պատգամավորների հարցերին:
«Սա վերաբերմունք չէ, կառավարությունը ուզի, թե չուզի պատասխանատու է այս հիմնարկի առաջ: Պարոն վարչապետ, մի քիչ հարգանքով վերաբերվեք այս հիմնարկին», -դիմելով վարչապետ Սարգսյանին` ասաց Արամ Մանուկյանը:
Վարչապետն էլ իր հերթին հորդորեց պատգամավորներին հարգալից լինել կառավարության նկատմամբ:
«Կառավարության անդամների հասցեին հնչում են հայտարարություններ, մեղադրանքներ և այնպիսի խոսքեր, որոնք հարիր չեն պատգամավորներին: Ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի հայտարարություններին: Միևնույն ժամանակ, ձեզ եմ ուզում խնդրել, որպեսզի փոխադարձ հարգալից վերաբերմունք դրսևորեք և զերծ մնաք այնպիսի արտահայտություններից, որոնք հարիր չեն պատգամավորներին: Չեմ կարծում, որ այդպիսի պահվածքը բարձրացնում է ընդդիմության հեղինակությունը», -նկատեց վարչապետը` հավելելով, որ ոստիկանապետին «անհապաղ» հանձնարարական է տվել այդ դեպքի հետ կապված պարզաբանումներ ներկայացնել պատգամավորին:
Նկատենք, որ վարչապետին բարկացրել էր այսօր 2011-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե «բյուջեի կատարողականը 120 էջանոց աղբ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները