Ռուբեն Սահակյան. Հիմնադրամի գումարը սեփական հայեցողությամբ վերցնելը հափշտակություն է
«Բարեգործական հիմնադրամին հատկացված ամբողջ գումարը պատկանում է հիմնադրամին և պետք է օգտագործվի բացառապես հիմնադրամի նպատակների համար: Անգամ հիմնադրամի տնօրենը չի կարող իր հայեցողությամբ որևէ գումար վերցնել: Եթե իր հայեցողությամբ վերցրել է, ուրեմն դա հափշտակություն է, իսկ հափշտակությունն իր մեջ ներառում է նաև յուրացում»,- անդրադառնալով Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով կարգավորվող իրավահարաբերություններին՝ «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Նշենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնավորապես նշել է, որ Հիմնադրամների մասին ՀՀ օրենքով հիմնադրամի անդամները կարող են լինել հիմնադրամի շահառուներ, եթե դա նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ: Հետևաբար, ըստ պատգամավորի, հիմնադրամից ստացված գումարը հիմնադրամի որևէ անդամ կարող է օգտագործել անգամ իր անձնական նպատակների համար, որը, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, տեղի է ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի պարագայում:
Անդրադառնալով հարցին, թե ԱԺ-ում ՀՀ Դատախազության կողմից պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի բավարարումը ինչպե՞ս է ազդում հարուցված գործի ընթացքի վրա և իրավական ի՞նչ ընթացակարգեր են հետևում՝ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց, որ կոնկրետ պատգամավորի դեպքում դեռևս խոսքը համապատասխան քրեական գործում մեղադրյալ հանդես գալու միջնորդագրին ծանոթանալու մասին է:
«Միջնորդագիրը ներկայացնելով՝ դատախազությունը հարցնում է կոնկրետ անձին՝ ծանոթացա՞ք Ձեզ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրին: Հասցեատերը կասի այո, դատախազությունը կասի ստորագրեք, որ ծանոթացաք, որ օրինակը հանձնվեց Ձեզ: Այսինքն՝ խոսքը ընդամենը ստորագրելու մասին է: Դա չի նշանակում, որ եթե ստորագրեցիր, դրանով ընդունում ես քո մեղքը: Հաջորդ գործողությունը անձին որպես մեղադրյալ հարցաքննելու արձանագրությունն է: Այդ դեպքում արդեն գրվում է, որ կոնկրետ անձը մեղադրվում է այսինչ հոդվածով, և նրան հարց է տրվում, հասկանալի՞ է Ձեզ առաջադրված մեղադրանքի էությունը: Իսկ անձը կարող է պատասխանել կամ ընդհանրապես չպատասխանել, դա նրա իրավունքն է, քանի որ մեղադրյալը իրավունք ունի տալ ցուցմունք, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունի նաև չտալ: Եթե կորոշի ցուցմունք տալ, ապա կարող է գրել և շարադրել առաջադրված մեղադրանքի կապակցությամբ իր դիրքորոշումը՝ ընդունում է կամ չի ընդունում»,- նշեց Ռուբեն Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են