89 ճարտարագետներ հաջողությամբ ավարտում են Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի ծրագիրը
Ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատուցման ասպարեզում համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS), որն արագացնում է նորարարություններն ինտեգրալ սխեմաներում և համակարգերում, այսօր դիպլոմներ է հանձնել 46 մագիստրոսի և 43 բակալավրի կոչում ստացած Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) շրջանավարտների, այդ թվում՝ 75 շրջանավարտի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և 14 շրջանավարտի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ ծրագրերից:
Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ութ ուսանող Սինոփսիսի ծրագրային գործիքների ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելու համար արժանացել են Սինոփսիսի հավաստագրերի: Ավարտելով գերմեծ ինտեգրալ սխեմաների (VLSI) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) ոլորտում իրեն ուսումնառությունը՝ շրջանավարտներն այսուհետ պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան:
Ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ Սինոփսիս ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանը, բարձր գնահատելով շրջանավարտների ձեռքբերումները, Սինոփսիսի ավարտական վկայականներ հանձնեց բոլոր շրջանավարտներին: «Միկրոէլեկտրոնիկայի պես արագ փոփոխվող ոլորտում արհեստավարժ և արտադրությանը պատրաստ շրջանավարտներ կրթելու գործում էական է բիզնեսի և կրթության սերտ համագործակցությունը », - ասում է Սինոփսիս ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանը:
Ընդհանուր առմամբ՝ ՍԱՈՒԴ-ը հարյուրավոր արհեստավարժ ճարտարագետներ է պատրաստել, այդ թվում 403 բակալավր, որոնցից 338-ը ուսումը շարունակել են մագիստրատուրայում: Ներկայումս, բոլոր շրջանավարտներից 71 տոկոսն աշխատանքի է ընդունված Սինոփսիս Արմենիա ընկերությունում՝ կազմելով աշխատակիցների 43 տոկոսը, իսկ մնացած շրջանավարտներն աշխատում են Հայաստանում գործող այլ հեղինակավոր ՏՏ ընկերություններում