Բաղդասարով. «Արմավիա»-ի հավանական գնորդը Հայաստանից չէ
Հարցազրույց «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ
Panorama.am. Միխայիլ Իվանովիչ, ես մի քանի հարց ունեմ «Արմավիա» ավիաընկերության վերաբերյալ:
Մ. Բաղդասարով. «Այո, լսում եմ Ձեզ»:
Panorama.am. Լրագրողների հետ զրույցում Դուք ասել էիք, որ չեք կարող հայտնել, թե ում հետ եք բանակցում «Արմավիա»-ի վաճառքի հարցով, ինչպես նաև` ասացիք, որ չեք կարող հաստատել կամ հերքել Միքայել Մինասյանի կողմից ավիաընկերությունը գնելու հնարավորության վերաբերյալ շրջանառվող լուրերը: Փաստորեն, չհերքելով՝ Դուք անուղղակիորեն հաստատում եք, քանի որ դա հենց այդպես էլ ընկալվում է:
Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
Մ. Բաղդասարով. «Ես կարող եմ ասել, որ Դուք շատ վառ երևակայություն ունեք: Ինչպես ցանկանում եք, այնպես էլ ընկալեք… դուք` լրագրողներդ, հիմար հարցեր եք տալիս: Ես ձեզ նույն կերպ պատասխանում եմ… միևնույն է, դուք ամեն ինչ կշրջեք և այլ կերպ կգրեք»:
Panorama.am. Լուրեր են շրջանառվում այն մասին, թե, իբր, Միքայել Մինասյանը գնում է ավիաընկերությունը:
Մ. Բաղդասարով. «Ինձ առհասարակ պետք է, որ այդ լուրերը դադարեն շրջանառվել: Ինչի՞ համար է այս ամենը: Մի՞թե ես ասել եմ, որ նա է գնում: Դա դուք եք ասում: Իմ կողմից որևէ տեղեկություն չի տրամադրվել: Դուք հարց եք տալիս, իսկ մենք այդ հարցին չենք պատասխանում: Միևնույն է, դուք հորինում եք, շարունակեք հորինել»:
Panorama.am. Միխայիլ Իվանովիչ, բայց իրականում նրա հետ բանակցություններ ընթանու՞մ են, թե՞ ոչ: Ո՞վ է տվյալ պահին ավիաընկերության գնորդը:
Մ. Բաղդասարով. «Ոչ նրա հետ բանակցություններ չեն ընթանում…. ընդհանրապես ուրիշ մարդիկ են` Ավստրալիայից, Իտալիայից, Ռուսաստանից: 3-4 տարբերակ ունենք: Սա կոմերցիոն գաղտնիք է: Եվ քանի դեռ չեն գնել, ես չեմ կարող ասել, թե ով է գնորդը, քանի որ վերջինս կարող է նեղանալ»:
Panorama.am. Դուք ասացիք` իտալացիներ, ավստրալիացիներ: Մի՞թե Հայաստանում չկա այնպիսի մակարդակի գործարար, որը կցանկանար և կկարողանար գնել ավիաընկերությունը:
Մ. Բաղդասարով. «Այդ մակարդակի գործարար պարզապես չկա: Նրանք նույնիսկ գաղափար չունեն, որ այնտեղ խորը բիզնես-գործընթացներ, խնդիրներ կան»:
Panorama.am. Ըստ իս` Դուք բավարար ներուժ ունեք, «Արմավիան» ինքնուրույն «ոտքի կանգնեցնելու» համար: Ինչո՞ւ եք վաճառում այն:
Մ. Բաղդասարով. «Ես չեմ կարող «ոտքի կանգնեցնել» այն, քանի որ խոսքը շատ մեծ գումարների մասին է: Ճգնաժամ էր, և մենք ստիպված եղանք հանձնել բոլոր ինքնաթիռներն ու նորերը գնել: Ամեն ինչ այնքան հեշտ չէ: Նախկինում` դեռ 2008թ-ին, մենք ասում էինք, որ չենք վաճառում, սակայն թերթերը, միևնույն է, գրում էին, թե ինչ-որ մեկն ուզում է գնել: Արդյունքում ստացվում են հիմարություններ, որոնց պարզապես չես ցանկանում պատասխանել, որովհետև պատասխանելու բան չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան