«Տոն տեխնոլոգիական հայության համար». Երևանում կմեկնարկի ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը
Հոկտեմբերի 5-ին, Երևանում կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ԴիջիԹեք 2012 ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն` «ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ: Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:
Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» և այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկը» և «Ինեկոբանկը»:
8-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է հատկապես այցելուների թվի աճ` ավելի քան 20.000 այցելու` 2011 թվականի 18.000-ի փոխարեն: Այցելուների թվի հստակեցման նպատակով այս տարի ևս կկազմակերպվի այցելուների հաշվառում և գրանցում: Գրանցված այցելուները հնարավորություն կստանան մասնակցել խաղարկության:
«Ցուցահանդեսը սկզբնական տարիներին ուներ մեկ կարևոր խնդիր` լինել այդ ոլորտում տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսը, ինչն արդեն իրականություն է: ԴիջիԹեք տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը հիմա փորձում է ուրիշ առաքելություն հանձն առնել, մասնավորապես` Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումները ներկայացնել, տարածել «արտադրված է Հայաստանում» բերնդը», - նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ուրախալի է նշել, որ տարեցտարի ԴիջիԹեքի հեղինակությունը տարեցտարի բարձրանում է, ավելանում են տեղական և արտասահմանյան մասնակիցների և այցելուների քանակը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին, և ԴիջիԹեքը մի յուրահատուկ հնարավորություն է ցուցադրելու Մայքրոսոֆթի ամենաարդիական ծրագրային փաթեթները, ենթակառուցվածքային լուծումներ և այլն»,- նշում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի ասոցիացիաներին և նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները՝ դրանով իսկ նպաստելով ՏՏ և այլ ոլորտների միջև երկխոսության կայացմանը», - նշում է ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:
DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am, PCNews.am, telecom.arka.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան», Ամի-Նովոստի լրատվական գործակալությունները, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները: