«Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետը դատապարտվեց 4 ամիս ազատազրկման
ՀՀ ՊՆ բուժծառայության սպա, մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել սպառնացող փոխգնդապետ Վարդան Սամվելյանն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 ամիս ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Նրա ազատազրկման ժամկետը կհաշվվի այս տարվա հուլիսի 1-ից:
Սամվելյանի փաստաբան Հովհաննես Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ ինքը դատարանից ակնկալում էր ավելի մեղմ վերաբերմունք: «Ես կարծում էի, որ պայմանական ազատ կարձակեն Սամվելյանին, բայց այդպես չեղավ», -փոխանցեց փաստաբանը:
Սամվելյանի համար մեղադրող կողմը պահանջել էր 6 ամիս ազատազրկում և 200 հազար դրամ տուգանք:
Վարդան Սամվելյանը Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի նախկին տեղակալն էր, կոչումով` փոխգնդապետ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։
Ավելի ուշ, արդեն նախաքննության ընթացքում Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը` նույն հոդվածի 4-րդ կետը` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեծ ՊՆ բուժծառայության սպա Վահե Ավետյանի հետ կատարվածից հետո հուլիսի 1-ին փոխգնադապետը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: