Հյուրանոց՝ արտաքին գործերի նախարարության շենքի փոխարեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին:
Նշենք, որ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Այսպիսով, գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` «Սալսա Դիվելոփմենթ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում:
«Չենք լռելու»-ի երիտասարդական նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել ԱԳՆ շենքը վաճառելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունվել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն «Տանգո» ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել է պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելուն: Շատ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսի որևէ երկիրում, քան հյուրանոցի տակ ծախի Պետդեպարտամենտը:
Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում»: