Մեկնարկել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը. Արցախի նախագահը ողջունել է մասնակիցներին
Այսօր Երևանում մեկնարկել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հանդիսավոր բացումը վաղ առավոտյան էր` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքում: Համաժողովը կշարունակվի հոկտեմբերի 4-6-ը:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ: Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը:
Համաժողովի մասնակիցներին այսօր ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Լրագրողների համահայկական համաժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ՝ 5-րդ համաժողովը, տեղի է ունեցել Արցախում:
Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարևորություն ունեցող այն ասպարեզներից, որն առնչվում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Մեզ համար այն նաև աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու ընդլայնման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից մեկն է, որի դերակատարությունը արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել:
Այս տեսանկյունից հատկապես կարևոր է համայն հայության ջանքերի համախմբումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործում: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև: Անհարժեշտ է նաև կայուն կապ հաստատել տարբեր պետությունների լրագրողների և ԶԼՄ-ների հետ:
Ակնհայտ է, որ ցեղասպանությունների կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն նման ոճիրների փաստի ճանաչումը, այլև ցեղասպանության քաղաքականության դատապարտումը և գործնական քայլերի մշակումը նրանց բացառման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը և Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության դատապարտման գործընթացին:
Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի զարգացմանը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին` հաջողություններ և ամենայն բարիք»: