Լ. Հովսեփյան. Թուրքիայի համար սա պատեհ առիթ է
«Դեռ այս միջադեպից առաջ Թուրքիան վճռական գործողությունների էր պատրաստվում, և դա ակնհայտ էր ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ երկրում ծավալվող զարգացումներից: Այս միջադեպը Թուրքիայի համար պատեհ առիթն է սահմանային անվտանգության գոտին ստեղծելու համար, քանի որ թուրքական կողմը երկար ժամանակ պնդում էր այդ հարցում, և այժմ ըստ երևույթին կա նաև ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համաձայնությունը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-սիրական սահմանում գրանցված վերջին զարգացումները, ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) պարբերականը տեղեկացրել էր, որ Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղությամբ պատասխան կրակի հետևանքով 20 սիրիացի զինվոր մահացել է, իսկ 70-ը` վիրավորվել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական տարածքից Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե բնակավայրի վրա հրետանային արկեր են ընկել, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի 5 քաղաքացի, իսկ 16-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս միջադեպից հետո թուրքական կողմը պատասխան քայլեր էր ձեռնարկել և գնդակոծել սիրիական տարածքում տեղակայված ռադարները:
«Այն, որ Թուրքիայի համար սա պատեհ առիթ է, դա փաստ է, դա ձեռնտու է նաև Արևմուտքին: Թուրքիան սա դիտարկում է որպես իր դեմ ագրեսիա և Թուրքիայի պաշտպանական հայեցակարգի համաձայն` երկրի նկատմամբ ցանկացած ռազմական սպառնալիք կամ սպառնալիքի հավանականությունը պետք է կանխվի և չեզոքացվի մինչև թուրքական տարածքին հասնելը, և փոխադրվի հակառակորդի տարածք»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Թուրքագետի խոսքերով՝ այս պարագայում, Թուրքիան բացատրում է միջազգային հանրությանը, որ դա ուղղակի ագրեսիա էր իր դեմ և պետք է հետագա հնարավոր ծավալումը կանխվի:
«Այս համատեքստում կա որոշակի նմանություն Հյուսիսային Իրաքում թուրքական սահմանափակ ռազմական կոնտինգենտի ներկայության ու անդրսահմանային ռազմական գործողությունների հետ: Սակայն Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի գործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ, այլ ոչ սուվերեն պետության ռազմական ուժերի: Այս միջադեպը առանձնահատուկ է նրանով, որ, փաստորեն, 1974 թ. Կիպրոսի գործողություններից հետո Թուրքիայի կողմից այլ պետության զինված ուժերի դեմ իրականացված առաջին գործողությունն է:
Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիան արդեն իսկ անհրաժեշտ մեխանիզմներն ապահովել է` դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: Մնացյալը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ: Ամենայն հավանականությամբ, թուրքական խորհրդարանը կքվերակի կառավարության ` Սիրիա ռազմական որոշակի կոնտինգենտ մտցնելու նախագծի օգտին: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է արտահայտվում դրան, իսկ Ազգայնական շարժում կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել կառավարությանը»,- նշեց նա:
Վերջինիս խոսքերով, մեծ հաշվով սա Թուրքիային ձեռնտու է, սակայն ռազմական ուժերի անդրսահմանային տեղակայումը կարող է բավական վտանգավոր դառնալ և տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի բարդ զարգացումների տանել: