«Եթե բոլորը…» ֆիլմը «մրցակից» չի ունեցել. Ամերիկյան կինոակադեմիան դեռ որոշում չի ընդունել
Հոկտեմբերի 8-ին արդեն պարզ կդառնա հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիան ընդգրկել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվելիք ֆիլմերի ցուցակում որպես մրցույթի բուն մասնակից՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, թե ոչ: Սակայն Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ կինոգետ Դավիթ Մուրադյանը կարծում է, որ ֆիլմը կընդգրկվի այդ ցուցակում: «Չեմ կարող ասել, սակայն կարծում եմ, այդ ցուցակում կընդգրկվի, թեև շատ ուժեղ մրցակցություն է լինելու»,- Panorama.am-ի հետ զրույցում, գնահատելով ֆիլմի հաջողությունները, ասաց նա:
Դավիթ Մուրադյանը նաև նշեց, որ Հայաստանի ազգային կինոակադեմիան միայն երկու հայտ է ստացել՝ «Եթե բոլորը…» և Գոռ Կիրակոսյանի «Կորսվածը և գտվածը Հայաստանում» ֆիլմերը, բայց քվեարկության է դրվել միայն «Եթե բոլորը…» ֆիլմը, քանի որ միայն այն է համապատասխանել Ամերիկյան կինոակադեմիայի կողմից մշակված կանոնադրությանը, որի համապատասխան մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են վերջին տարում, ֆիլմը պետք է ներկայացվող երկրի արտադրանք լինի կամ այդ երկիրը լինի համաարտադրող ու այդ երկրում, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչ երկրում (տվյալ դեպքում ԱՄՆ) հանրային ցուցադրության ներկայացված լինի:
««Եթե բոլորը…» ֆիլմը համապատասխանում էր այս բոլոր չափանիշներին, իսկ «Կորսվածը և գտվածը Հայաստանում» ֆիլմը նկարահանվել է Ամերիկայում, որոշ էպիզոդներ Հայաստանում են արվել, բայցի այդ այստեղ հանրային ցուցադրության չի ներկայացվել»,- ասաց կինոակադեմիայի նախագահը:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի 21 անդամները քվեարկել են հետևյալ կերպ՝ 15 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ:
«Եթե բոլորը…» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։
Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ, ներկայացվել է նաև տարբեր այլ փառատոներում:
Նշենք, որ Հայաստանը վերջին տասը տարվա ընթացքում երկու ֆիլմ է ներկայացրել «Օսկարի»՝ 2002-ին Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» և 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմերը, որոնք ընտրական փուլ չեն անցել:
«Օսկար 2013 » մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին:
Նախորդող նորություն՝ Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմը հավակնում է «Օսկար» մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին