Օսկանյանը դեռ չի ներգրավել գործով որպես մեղադրյալ
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին` հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում առայժմ չի կայացվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Ես ենթադրում եմ Ազգային ժողովը համապատասխան որոշում չի ուղարկել քննչական մարմնին, այդ պատճառով էլ հավանաբար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չկա», -փոխանցեց պարոն Աթանեսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում 64 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ բավարարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Աղվան Հովսեփյանը պատգամավորներին վստահեցրել էր, որ Վարդան Օսկանյանը չի կալանավորվելու, չի ձերբակալվելու և խոստացել էր, որ գործի քննությունը կընթանա թափանցիկ, հանրությանը հասանելի կլինի:
Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Օսկանյանը յուրացրել է խոշոր դրամական միջոցներ. Գլխավոր դատախազի միջնորդագիրը