Հ. Քոչարյան. «Նախագահի՝ շնորհավորում եմ, ապրես խոսքերը մեծ մրցանակ են ինձ համար»
«ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական ուղղվածության համալսարաններից բացահայտենք և խրախուսենք լավագույն ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունից հետո:
Նրա խոսքերով՝ իրենք հնարավորություն են ունենում շփվել դպրոցների և համալսարանների ֆիզմաթ ֆակուլտետների լավագույն ուսանողների և աշակերտների հետ, և դիտարկումներ են անում այն տենդեցների հետ կապված, որոնք առկա են դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Բացի այդ, հանձնաժողովի անդամներն իրենց մտահոգություններն են ներկայացնում ՀՀ նախագահին: «Այս տարի դպրոցականները իրենց գիտելիքներով գերազանացել են ուսանողներին: Նրանք աշխարհաքաղաքական իրողությունների մասին այնպիսի դիտողություններ էին անում, որ չէինք ցանկանում նրանցից բաժանվել»,- նշեց Հ.Մուսայելյանը՝ հավելելով, որ այս տարի գրանպրի մրցանակին արժանացել է աշակերտ և դա ապացուցում է, որ հայ աշակերտներն ունեն լավ գիտելիքներ:
Ըստ Սինոփսիս Արմենիայի տնօրենի՝ այս մրցանակաբաշխությունը նաև նպատակ ունի ուղղորդել լավագույն ուսանողներին դեպի տեխնոլոգիական ձեռնարկություններ, սակայն ուսանողները նախընտրում են գնալ այլ ոլորտներ աշխատելու, ինչի արդյունքում այսօր Հայաստանն ունի 2000-ից ավելի ինժեներների պակաս`բարձր աշխատավարձերով: Նա նաև նշեց, որ իրենց ընկերությունում նույնպես այսօր ունեն 50-60 թափուր աշխատատեղեր. «Այսինքն՝ մենք ևս ունենք որակյալ աշխատուժի պահանջարկ»:
Հ.Մուսայելյանը մեկ անգամ ևս նշեց, որ մրցանակաբաշխության նպատակը ուսանողների խրախուսումն է և աջակցումը, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները նորարարական ուղղություն են և ունեն մեծ ապագա:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանցած Վարդգես Սուրենյանը, ով սովորում է Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանում, նշեց, որ մասնակցել է տարբեր օլիմպիադների, իսկ այս տարի կենսաբանության միջազգային օլիմպիադիայում արժանացել է բրոնզե մեդալի: «Այսօր այս պարգևին արժանացել եմ նրա համար, որ այլ օլիպիդաներում ևս ունեցել եմ հաջողություններ, ինչի համար էլ տրվել է այս մրցանակը»,- ընդգծեց Վ.Սուրենյանը:
«Ինձ համար այս մրցանակը նաև պատասխանատվություն է՝ ես հասկացա, որ կարող եմ անել ավելին ու նաև այն տվեց հնարավորություն, որպեսզի ես հետագայում հասնեմ ավելիին»,- ասաց «Լավագույն բակալավր» անվանակարգում մրցանակի արժանացած «Քվանտ» վարժարանի միջազգային բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Քոչարյանը: «Նախագահի՝ շնորհավորում եմ, ապրես խոսքերը մեծ մրցանակ են ինձ համար»,- նշեց նա:
Հ.Քոչարյանը հայտնեց, որ իր ցանկությունն է ուսումը շարունակել արտերկրի լավագույն համալսարաններում: «Դա իմ գլխավոր նպատակն է: Կարծում եմ, որ այնտեղ կստանամ այնպիսի գիտելիքներ, որոնք կարող եմ օգտագործել իմ երկրի զարգացման համար»,- հայտնեց Հ.Քոչարյանը:
Նշենք, որ այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել 40 լավագույն ուսանողներ և աշակերտներ:
Մրցանակաբաշխությանը մասնակցել է 121 ուսանող` 5 համալսարաններից, և 70 աշակերտ` 7 վարժարաններից ու դպրոցներից:
Նախագահի պարգևը շնորհվում է բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների: