Նոր մանրամասներ Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենի գործով
Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հրապարակել Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Ոստիկանության կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում հայտնաբերված չարաշահումների առթիվ 03.10.12թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու համար: Նույն օրը ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Հովհաննիսյանը ձերբակալվել է:
Բացի այդ, «Հետք»-ի «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» վերտառությամբ հոդվածի ստուգմամբ պարզվել են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր: Ըստ նախապատրաստված նյութերի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդա-հոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2011 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է` տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ:
Նկատի ունենալով, որ տվյալ պարագայում ՊՈԱԿ-ի տնօրենի գործողություններում առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի քանի անձանց աշխատանքային շահագործման ենթարկելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի որոշմամբ 03.10.12թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:
Հիշեցնենք, որ «Հետք» էլեկտրոնային թերթում 2012 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակվել է «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» վերտառությամբ հոդվածը: Դրանում մատնանշված հանգամանքների՝ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ իրականացված ստուգումների արդյունքում հարուցվել է քրեական գործ: Տվյալ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը՝ սեպտեմբերի 20-ին գրավոր հանձնարարել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն իրականացնել համապատասխան ստուգումներ, որի արդյունքում «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հայտնաբերվել են չարաշահումներ: Մասնավորապես, ըստ նախապատրաստված նյութերի՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելու արդյունքում, ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով նյութական վնաս:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախորդող հրապարակումներ`
Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը իր հիվանդներին ստիպել է զբաղվել անասնապահությամբ. Նա ձերբակալվել է
Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել