«50-60 տարի անց Ադրբեջանում ապրող ազգերը կարող են հայտնվել անհետացման վտանգի տակ»
Երևանում այսօր մեկնարկեց «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովը, որի կազմակերպիչներն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը և «Մոդուս վիվենդի» կենտրոնը: Համաժողովին, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը, մասնկացում են տարբեր համալսարաններ ու գիտական կենտրոններ ներկայացնող շուրջ 70 մասնագետներ` աշխարհի 20 երկրներից: Մասնակցիների թվում են նաև Կովկասյան-կասպյան շրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ` թալիշներ, ավարներ, լեզգիններ, որոնք ներկայացրեցին իրենց ժողովուրդների առջև այսօր կանգնած մարտահրավերներն ու հիմնախնդիրները:
Համաժողովի բացմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի անունից թալիշագետ և ազգությամբ թալիշ Ալի Աբդոլին պարգևատրեց ԵՊՀ մեդալով` թալիշագիտության մեջ մեծ ավանդ ունենալու և հայ-թալիշական բարեկամությունն ամրապնդելու համար: Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվի նաև տեղաբնիկ ժողովուրդների համակարգող խորհուրդ ստեղծելու հարցը, որի կենտրոնը կլինի Հայաստանը:
«Հատկապես Հայաստանի համար այս թեման խիստ արդիական է, որովհետև վերաբերում է այն ժողովուրդներին, որոնք մեր հարևանությամբ ապրել են հազարամյակներ շարունակ: Ընդ որում` հիմնականում խոսվում է այն ժողովուրդների մասին, որոնք չունեն պետականություն, բայց բնիկներ են: Այդպիսիք են թալիշները, լեզգիները, թաթերը, ծախուրները, հուտուները և այլն»,- իր խոսքում նշեց Իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գևորգյանը: Զեկուցողները նշեցին, որ բնիկ ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններ ունենալը ձեռնտու է նաև Հայաստանին, և ըստ այդմ` խնդիրները քննարկվելու են ոչ միայն զուտ գիտական, այլև քաղաքագիտական տեսանկյուններից:
Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում ազգությսմբ ավար, գրող հրապարակախոս Շահբան Խաֆիսովը կարևորեց տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար նման գիտաժողովների կազմակերպումը` նշելով, որ սա թերևս միակ հնարավորություններից է` ներկայացնել իրենց հիմնախնդիրները, ծանոթանալ նաև մյուս ազգերին հուզող հարցերին, ըմբռնել զարգացումների ընդհանուր դինամիկան, և մարդահրավերներին միասին դիմակայելու հնարավորությունները:
«Սա նաև հնարավորություն է բարձրաձայնել հիմնախնդիրների մասին փաստացի միջազգային մակարդակով», - նշեց նա` կարևորելով, որ հիմնահարցերի ուսումնասիրությունը կարող է կատարվել փորձագիտական բարձր մակարդակով:
Ըստ մեր զրուցակցի` Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդների առջև կանգնած հիմնական մարտահրավերներից է ուծացումը:
«Սա ոչ այսօրվա կամ վաղվա հիմնախնդիրն է, բայց, եթե նայենք հեռանկարների, ապա շատ լուրջ հիմնախնդիր կդառնա մոտ 50-60 տարի անց, երբ նման քաղաքականության պարագայում Ադրբեջանում ապրող ավարները, թալիշներն ու լեզգինները կարող են հայտնվել անհետացման վտանգի տակ, երբ ազգային լեզվով խոսելու են միայն տարեցները, իսկ երիտասարդները չեն տիրապետելու մայրենի լեզվին: Որպես օրինակ` այդպիսի իրավիճակ է Թուրքիայում բնակվող լեզգինների դեպքում», - ասաց նա:
Շահբան Խաֆիսովի կարծիքով` պետք է ավելի մեծ հնչեղություն տալ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների լեզվի և մշակութային ինքնուրույնության պահպանման հարցին: Որպես հիմնահարցերի լուծման մեխանիզմ մեր զրուցակիցը տեսնում է տեղերում հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանք:
«Աշխատանքը, իրոք, տարվում է, բայց մեծամասամբ, ամն ինչ կախված է հենց ժողովուրդից: Եթե նա ջանքեր չգործադրի, որպեսզի պահպանի իր ազգային ինքնությունը, մշակութային անկախությունը, ապա նյութ կդառնա նոր ժողովրդի կազմավորման գործընթացում», - ասաց հրապարակախոսը: Նրա նաև խիստ կարևորեց ազգային փոքրամասնությունների հարցում միջազգային կազմակերպությունների ակտիվ աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան