Բացվեց «ԴիջիԹեք» ցուցահանդեսը. ՀՀ նախագահին ներկայացվում են ՏՏ ոլորտի ձեռքբերումները (լուսանկարներ)
Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց 8-րդ ամենամյա միջազգային «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Ցուցահանդեսի բացմանը ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը մոտենում է ցուցահանդեսի բոլոր մասնակիցների տաղավարներին: Ամեն մի ընկերություն կամ կազմակերպություն տաղավարի մոտ նախագահին ներկայացնում է իր նորամուծությունները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և այլ պաշտոնատար անձիք, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ:
Ցուցահանդեսին մասնակցում են հայկական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է իտալական ընկերություն` «ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Մասնակցում է նաև Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները ներկայացնում են Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ: Սինգապուրից այս տարի հանդես է գալիս «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն: Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» և այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին ներկայացնում են «Յունիբանկը» և «Ինեկոբանկը»:
Ցուցահանդեսը տևելու է երեք օր: «ԴիջիԹեքի» հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
Ցուցահանդեսին կից անցկացվում են հետևյալ միջոցառումները` The World of Engineering (Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն), ԴիջիԼայֆ սեմինարներ, ԴիջիԹեք Startup հատված, տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ, ArmRobotics`Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, Open Game Contest`«Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն: Ցուցահանդեսի բաժիններն են` ՏՏ սարքավորումները և համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական / բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: «ԴիջիԹեքն» ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Լուսանկարները` ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան