Արվեստագետն ու հուշարձանագետը դեմ չեն ԱԳ նախարարության տեղափոխմանը. «Համոզված եմ, շենքի արտաքին տեսքը չի փոխվի»
«Չեմ հասկանում աղմուկի իմաստը: Արտաքին գործերի նախարարությունն է տեղափոխվում, ոչ թե շենքը: Ընդհանրապես, ես ցանկանում եմ, որ քաղաքի կենտրոնից վերանան բոլոր գերատեսչությունները ու կենտրոնը լինի մշակութային»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով, ընդհանրապես քաղաքը սխալ է կառուցվում. սուպերմարկետները չեն կարող լինել քաղաքի կենտրոնում, այլ պետք է լինեն արվարձաններում: «Այլանդակ վիճակ է ընդհանրապես»,- ընդգծեց արվեստագետը: Նրա խոսքով, իհարկե, լավ կլիներ որ այդ շենքը մշակութային օջախ դառնար, բայց «գերադասելի է հյուրանոց, քան գերատեսչություն»:
Հիշեցնենք, որ կառավարության նախօրեին ընդունած որոշմամբ, Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում ( ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքն է) գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի «Տանգո» ՓԲԸ-ին: Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը: Կառավարության որոշմամբ, գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ դժգոհություն չարտահայտեց, որ ԱԳ նախարարությունը տեղափոխվում է: Նրա մտահոգությունն այն է, որ բացվելու է հերթական թանկ հյուրանոցը: «Իհարկե, մենք հյուրանոցների կարիք ունենք, բայց դրանք պետք է հասանելի լինեն հասարակության բոլոր խավերին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, հուշարձանագետն ընդգծեց, որ հանգիստ է ու համոզված, որ շենքի արտաքին տեսքը կպահպանվի: «Համոզված եմ, որ ոչինչ տեղի չի ունենա արտաքինի հետ կապված: Իսկ ներսը, բնականաբար, պետք է հարմարեցվի»,- ասաց Ս. Կարապետյանը:
Ռ. Բաբայանն էլ է այն կարծիքին, որ շենքի արտաքին տեսքը կպահպանվի: «Մասնավորին ավելի շատ եմ վստահում, քան մեր պետությանը»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նախորդող նորություններ՝ Հյուրանոց՝ արտաքին գործերի նախարարության շենքի փոխարեն
Պարզաբանում` ԱԳՆ վաճառվող շենքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում