Հ. Հակոբյան. Նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի աշխատանքի արդյունավետությանը
«Մենք այսօր ունենք 32 500 դրամ նվազագույն աշխատավարձ, մեր կենսապահովման նվազագույն զամբյուղը հաշվվում է շուրջ 31 հազար դրամ: Կա կառավարության որոշումը` նվազագույն աշխատավարձը հասցնել 35 հազար դրամի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը` այն բարձրացնել մինչև 72 500 դրամ, բայց երկուսն էլ առայժմ չեն քննարկվել ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովում»,- այսօր անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Բանախոսի համոզմամբ` նվազագույն աշխատավարձը աշխատանքի արտադրողականության չափանիշն է: Իսկ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի տվյալ տնտեսական ժամանակահատվածում աշխատանքի արդյունավետությանը` անկախ այն բանից, թե համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին, թե ոչ:
Նա նշեց, որ եթե նվազագույն աշխատավարձը դառնա 72 500 դրամ և համամասնորեն բարձրանան մյուս աշխատավարձերը, դա պետական բյուջեին շուրջ երեք հարյուր միլիարդ հավելյալ ծախսեր է բերելու:
Իսկ ասուլիսին ներկա Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ «Խնդիրը ոչ թե սոցիալական քաղաքականության մեջ է, այլ տնտեսական քաղաքականության, մենք պետք է փոխենք տնտեսական քաղաքականությունը, որը մեզ հասցրել է այս վիճակին»:
Նա նաև կասկած հայտնեց առ այն, որ «այս տեմպերով ընթանալու դեպքում» կառավարությունը կկարողանա իրականացնել իր` 2012-17 թվականներին նվազագույն աշխատավարձը երկու անգամ ավելացնելու ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա