Թիթեղյա տնակում 20 տարի անցկացրած Կարենը վերջապես կունենա իր բնակարանը
Ուրախալի ու երկար սպասված լուր. մանկատան շրջանավարտ 42-ամյա Կարեն Միրզոյանը, որի մասին բազմիցս գրել ենք, վերջապես կստանա պետությունից այն բնակարանը, որին սպասում է դեռևս 1990թ-ից:
Հիշեցնենք նախապատմությունը. ուղիղ մեկ տարի առաջ Կ.Միրզոյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմել էր նամակով, որում բարձրացրել էր խնդիրը. «Մեծացել եմ մանկատանը, մանկահասակ տարել եմ պոլիոմելիտ հիվանդությունը և ներկայում 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ծնողազուրկ, չունեմ նաև հարազատներ: 1991թ-ից բնակվում եմ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 15-16 շենքերի միջանկյալ հատվածում տեղադրված թիթեղյա կրպակում, որը զուրկ է տարրական պայմաններից ու հարմարություններից….»: Կարենը տեղեկացնում էր նաև, որ 1990թ-ին` ԽՍՀՄ օրոք, գործադիր կոմիտեն որոշում է կայացնում իրեն վերցնել բնակհաշվառման, բայց տարիներ շարունակ դիմել է պետական բոլոր ատյաններին ու համապատասխան գերատեսչություններին, սակայն մինչ օրս դրական պատասխան չի ստացել:
Այս նամակից սկսվեց պայքարը (այլ բառ չեմ կարող գրել) Անահիտ Բախշյանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև` Կարենի խնդիրը բարձրաձայնվում էր անընդհատ, պարբերաբար խոստումներ էին ստացվում, բայց սայլը տեղից չէր շարժվում: Մինչդեռ Կարենը շարունակում էր ապրել թիթեղյա տնակում Նոր Նորքի բակերից մեկում ու շարունակում էր մնալ հաշմանդամ, ով չի կարող աշխատել:
Անցյալ տարվա սեպտեմբերին նախարարությունից խոստացան, որ Կարենը, վերջապես, մինչև տարեվերջ բնակարան կստանա Մարալիկում կառուցվող սոցիալական շենքերից մեկում: Սակայն ջրամատակարարման համակարգի պատճառով գործընթացը երկարեց և ահա միայն հիմա հնարավոր դարձավ, որ Կարենը ստանա երկար սպասված բնակարանը:
Panorama.am-ի հետ զրույցում Կ.Միրզոյանը տեղեկացրեց, որ վաղը առավոտյան ժամը 10.30-ին նա կստանա իր մեկ սենյականոց բնակարանի բանալիները: Հասկանալի է` փոխանցել մեր հերոսի ուրախությունը զուտ բառերով ուղղակի անհնար է, դա կարող է հասկանալ միայն նա, ով 20 տարուց ավելի, կոպիտ ասած, փողոցում է ապրել:
Նախորդիվ` http://
Նախարարություն. 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող 41-ամյա Կարենը բնակարան կստանա
Ա.Բախշյանն ահազանգում է վարչապետին, իսկ Կարենը գուցե մի ձմեռ էլ անցկացնի թիթեղյա տնակում
Ոչ թե բնակարան, այլ կտուր գլխավերևում. Մանկատան շրջանավարտները պետք է բավարարվեն դրանով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա