Սերժ Սարգսյան. Ուսուցիչների և նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը, երևի, ամենահեշտն է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցող ուսուցիչներին շնորհավորել է ցուցադրությանն արժանավայել ներկայանալու և նաև մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Սերժ Սարգսյանը, ի դեմս նրանց՝ տոնի առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր ուսուցիչներին:
«Ուսուցիչների և նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը, երևի, ամենահեշտն է. մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցել ու արժևորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք նաև կրթության դերը:
Այսօր մենք, որպես պետություն, գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ մենք սկսել ենք ու արդեն իսկ ծրագրել ենք, մեկ նպատակ ունի. անընդհատ բարձրացնել կրթության դերը և ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովել ձեր արժանապատիվ հասարակական դիրքն ու ստեղծագործելու ազատությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ անսպառ եռանդ և ուշիմ աշակերտներ:
Հաջողություն ձեզ: Շնորհակալ եմ», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ հանրապետության ղեկավարը ցուցահանդեսի բացումից հետո շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային և նորարարական լուծումներին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններին:
Նախագահը ցուցահանդեսի շրջանակում ներկա է գտնվել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու նպատակով՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում «ԴիջիԹեք էքսպո»-ում ցուցադրված աշխատանքներին, որոնց ստեղծմանն իրենց ուսուցիչների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների տաղանդավոր աշակերտներ:
Նախորդող հրապարակում`
Բացվեց «ԴիջիԹեք» ցուցահանդեսը. ՀՀ նախագահին ներկայացվում են ՏՏ ոլորտի ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան