«Ադրբեջանաբնակ թալիշների ճակատագիրը անընդհատ վատթարանում է»
Թալիշների վիճակն Ադրբեջանում շարունակում է շատ վատ մնալ. նրանց սպառնում է ոչ միայն բռնի ուծացում, այլ նաև ֆիզիկական ոչնչացում: Այս մասին այսօր ընթացող «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովի ժամանակ ելույթում նշեց թալիշագետ և ազգությամբ թալիշ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Աբդոլին: Նրա խոսքով` ազգային-ազատագրական պայքարի բոլոր մասնակիցները բռնաճնշվում են, առկա է նաև ֆիզիկական հաշվեհարդարի վտանգ:
«Մի քանի տարի առաջ բանտում սպանվեց լրագրող - բանաստեղծ Նորուզալի Մամեդովը: Հիմա էլ ծիծաղելի մեղադրանքով ձերբակալվել է Հիլալ Մամեդովը` որպես ազգի դավաճան: Այժմ նույնիսկ չգիտենք` նա կենդանի է, թե ոչ: Բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին կոչ եմ անում արձագանքել, որպեսզի կարողանանք գոնե նրա կյանքը փրկել»,- ասաց նա:
Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում նա նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանում գտնվող թալիշները փորձում են գոնե ստանալ ազգային ինքնավարություն, սակայն Բաքվի կողմից ցանկացած նման դրսևորում անհապաղ դաժանորեն ճնշվում է:
«Ադրբեջանի անկախանալուց հետո այդ երկրի թալիշները մեծ պայքար ծավալեցին, որպեսզի կարողանան միացման եզրեր գտնել իրենց իրանաբնակ եղբայրների հետ: Ես , որպես մշակութային գործիչ և գիտնական, չեմ ցանկանում քաղաքական որևէ գնահատական տալ, բայց այն, ինչ կատարվում է թալիշների նկատմամբ Ադրբեջանում, ինձ շատ է մտահոգում: Թալիշ ժողովուրդի ճակատագիրը Խորհրդային Միության անկումից հետո անընդհատ վատթարանում է: Ադրբեջանում գտնվող թալիշ մտավորականությունը կամ լքում է երկիրը, կամ ենթարկվում է բռնությունների, զնդան են նետվում կամ սպանվում», - ասաց Ալի Աբդոլին, նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Իրանում թալիշները կարող են զարգացնել մշակութային գործուներությունը, բայց քաղաքականության մեջ չեն խառնվում:
Խնդրի լուծումը մեր զրուցակիցը տեսնում է միջազգային ասպարեզում պարտադրող գործընթացներով, քանի որ «այսօր Ադրբեջանում մի իրավիճակ է տիրում, որտեղ մարդու իրավունքների, տարածաշրջանային լեզուների, հավատքի և ազգային փոքրամասնություների վերաբերյալ միջազգային օրենքները որևէ առումով չեն գործում»: Բանախոսը նշեց, որ անձամբ բարձրաձայնել է Ադրբեջանի թալիշների վիճակի մասին միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցող հասարակական քննարկումների ժամանակ, սակայն որևէ առաջնթաց չի նկատվում:
«Քանի որ գոյություն չունի ինչ որ պետական օղակ, որը հնարավորություն կտար թալիշներին հանդես գալ միջազգային ատյաններում, մենք միայն բողոքի ձայն ենք արտահայտում նման միջոցառումների ժամանակ:
Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների Ադրբեջանում բնակվում է 1-1,5 միլիոն թալիշ, և շուրջ 1 միլիոն մարդ խոսում են թալիշերեն Իրանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին