«Голос Армении». Բարեփոխումների հեռանկարը դառնում է բավականին ռեալ
Անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցություններին` «Голос Армении»-ն նկատում է, որ դրանց հետևած պաշտոնանկությունների և ձերբակալությունների շարքը ցույց է տալիս, որ այս անգամ պետական կառավարման համակարգում կադրային փոփոխությունների ու բարեփոխումների հեռանկարը դառնում է բավականին ռեալ:
Ըստ թերթի` եթե կառավարությունը լինի հետևողական և կարողանա կոնկրետ զգալի քայլեր ձեռնարկել, ապա իրավիճակը, հնարավոր է, դրական փոփոխություններ կրի. «Մինչդեռ հիմա հասարակությունում կարծիք կա, թե կառավարությունում իրականացվող կադրային «սանիտարիան» նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մի մասն է»,-գրում է «ГА»-ն` նշելով, որ առաջին հայացքից այս կարծիքը կարող է խելամիտ թվալ, սակայն. «Ոչ նախագահը, և ոչ էլ վարչապետը այնքան միամիտ չեն, որ չհասկանան, թե ինչ ռիսկի են դիմում` նախաձեռնելով կառավարական համակարգի մաքրման գործընթացը, քանի որ բոլորն էլ պարզ գիտակցում են, որ եթե շարքային քաղաքացին չզգա նախաձեռնված ռեֆորմների իրական արդյունքը, ապա այս նախաձեռնությունը կարող է հակառակ PR արդյունքի հանգեցնել: Իսկ առողջապահության, սոցիալական և դատական համակարգերը այն բնագավառներն են, որոնց բարելավվումը հնարավոր չէ ներկայացնել չոր վիճակագրական թվերով, քանի որ այս համակարգերի գործունեությունը քաղաքացիներն անմիջականորեն զգում են սեփական մաշկի վրա»,-նկատում է թերթը` նշելով, որ ներկայումս ՀՀ նախագահի նախաձեռնած բարեփոխումների իրականացման մեջ մեծ դեր ունի վարչապետի գործունեությունը` վերջինս պետք է կարողանա գործնական արդյունք ստանալ, որը զգալի կլինի շարքային քաղաքացու համար: