Որտեղի՞ց է փչում Գագիկ Ջահանգիրյանի և Լյուդմիլա Սարգսյանի քամին
«Ակնհայտ է, որ արձանագրությունն անկախ յուրաքանչյուր պետության իրավունքների սահմանափակում է, ու Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել պետականության օգտին` հանրապետության անկախության պաշտպանության համար»,-«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԺՀ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը`անդրադառնալով ԱԺ-ում «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի քվեարկությանը, որին կողմ էին քվեարկել ՀԱԿ անդամներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
«Թե ինչու են մյուս ընկերները կողմ քվեարկել, երևի իրենց հարցնեք: Բայց ես`որպես ՀԱԿ քաղաքական խորհրդի անդամ, գտնում եմ որ սխալ են վարվել: Նախ, պետք է փաստաթուղթը քննարկվեր քաղխորհրդում, որովհետև որոշում ենք ընդունել, որ օրենսդրական նախաձեռնությունները, փաստաթղթերը, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են, պետք է ներկայացվեն ու քննարկվեն դաշինքի խորհրդում: Փաստորեն`շրջանցվել է քաղխորհրդի որոշումը, ու քվեարկել են այնպես, ինչպես իրենց են ցանկացել»,- ասել է նա:
Հարցին` Դուք դե՞մ եք արձանագրության ընդունմանը, Պ. Մակեյանը պատասխանել է. «Մենք կողմ ենք մեր հանրապետության պետականության անկախությանը: կարծում եմ`ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»: Դիտարկմանը, թե փաստորեն անկախությանը դեմ քվեարկած պատգամավորների թվում են նաև Լ. Սարգսյանը և Գ. Ջհանգիրյանը, Պ. Մակեյանը արձագանքել է. «Երևի կամ խորությամբ չեն ընկալել փաստաթղթի իմաստը, կամ էլ քվեարկել են այնպես, որտեղից «քամին է փչել»: Նա ավելացրել է, որ այս քվեարկությամբ խախտվել է նաև ՀԱԿ քաղխորհրդի որոշումը, որի համաձայն` ցանկացած օրենսդրական նախաձեռնություն քվեարկությունից առաջ պետք է քննարկվի Քաղխորհրդում`միասնական տեսակետ արտահայտելու համար: