Արտակ Զաքարյան. Ադրբեջանը ինչ-որ մի պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից
«Չի բացառվում, որ միջազգային հանրությունը առաջիկայում լուրջ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպիսի հնարավոր լինի տարածաշրջանում պահպանել վերահսկողությունն ու հավասարակշռությունը: Այս պարագայում շատ կարևոր են Ռուսաստանի դերակատարությունը, Եվրամիության մոտեցումները և, իհարկե, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ունեցած բազմաբնույթ շահերը»,-անդրադառնալով տարածաշրջանային քաղաքական զարգացումներին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանը ինչ-որ մի պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, և այս պարագայում մենք պետք է շատ ուշադիր լինենք, մեր գործողությունները կազմակերպենք և իրականացնենք այն հիմքի վրա, որ որևէ կերպ չվտանգենք տարածաշրջանային փխրուն կայունությունը»,- նշեց Ա. Զաքարյանը:
Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանի պահվածքը գնալով անհամարժեք է դառնում միջազգային զարգացումներին, և Թուրքիայի ակտիվության ֆոնին որոշակիորեն ակտիվություն է նկատվում նաև Ադրբեջանի պարագայում:
Վերջինիս դիտարկմամբ՝ Թուրքիայի ակտիվ գործողությունները ևս պատճառ կարող են լինել, որ Ադրբեջանը ներգրավվի տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ որոշակի ավելի կոշտ գործողություններ իրականացնելով: Այս պարագայում Ադրբեջանի ներգրավումը տարածաշրջանային գործընթացներում կխաթարի գոյություն ունեցող հավասարակշռությունը:
«Այս մտայնություններից ելնելով՝ միջազգային հանրության կողմից որոշակիորեն կավելանան ճնշումները Ադրբեջանի վրա՝ ամենատարբեր ձևերով՝ սկսած ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը մատնանշելուց, վերջացրած` Ադրբեջանի անվերահսկելի ռազմականացման, Արցախի հարցում ապակառուցողական քայլերի նկատմամբ որոշակի վերաբերմունքով»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ պետք է ավելացնել դիվանագիտական ջանքերը և կարողանալ միջազգային հարթակներում չենթարկվել թուրք-ադրբեջանական սադրիչ գործողություններին:
Անդրադառնալով Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումներին՝ Ա. Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ դրանք վաղուց դադարել են ներքին զարգացումներ լինելուց:
«Սիրիայի խնդրում Թուրքիայի ակտիվ ներգրավումը խոսում է այն մասին, որ այս գործընթացը աստիճանաբար ընդլայնելու է իր աշխարհագրությունը, ինչը միջազգային հանրության տեսանկյունից խիստ անցանկալի է: Մշտապես փորձելով բարձրացնել իր տարածաշրջանային դերակատարությունը՝ Թուրքիան ձգտում է շահարկել Սիրիայի խնդիրը, ինչը վտանգ է ներկայացնում, քանի որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերակատարությունը առաջ է բերելու հակասություններ, անցանկալի զարգացումներ տարբեր պետությունների համար»,- նշեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները