Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացվել դատարան
«Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Հրանուշ Խառատյանը և «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց են ներկայացրել:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը:
Հայցը վերաբերում է «Nouvelles d`Armenie» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցում նրա հնչեցրած մի քանի զրպարտող ու վիրավորական հայտարարություններին: Դատարանում Խառատյանի, Սանասարյանի և Չուգասզյանի ներկայացուցիչն է լինելու իրավաբան Մհեր Արշակյանը:
Նշենք, որ իր հայտնի հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՊՆ բուժծառայության սպա Վահե Ավետյանի մահվանից ծնունդ առած հետո քաղաքացիական շարժումը հեռվից է կառավարվում:
«Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են... Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել: Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք: Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին : ...Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում: Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն... Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է»:
Այնուհետև շարունակել էր. «..իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են... ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են: Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Ամեն ինչ գիտեմ՝ հատ-հատ, օրերով: Ում միջոցով են փող վերցնում, լրիվ... Այդ դուք կարող եք չիմանալ, ես այն մարդը չեմ, որ չտիրապետեմ նման տեղեկությունների»:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, Հայրապետյանը նրան վիրավորել էր ասելով. « Նա հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում... Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա»: