Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ըստ հրամանագրի` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Հրամանագրի համաձայն` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: