4 երկրի 6 միջազգային փորձագետ կդասախոսի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցում
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի քարտուղարի պաշտոնակատար Ֆլորա Սարուխանյանը տեղեկացրել է, որ երկօրյա դպրոցին մասնակցում են 65 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, դասախոսներ։ Դպրոցում դասախոսելու է միջազգային 6 փորձագետ, որոնք ներկայացնում են չորս երկիր՝ Գերմանիա, Իսպանիա, Թուրքիա և Անգլիա։
«Դպրոցը հնարավորություն կտա երիտասարդ գիտնականներին ծանոթանալ եվրոպական փորձին, պրոֆեսորադասախոսական կազմի հետ կիրականացվի փորձի փոխանակում՝ ինչպես պատրաստել ասպիրանտներին, ինչպես անցկացնել ասպիրանտական ուսուցումը»,- նշել է Ֆլորա Սարուխանյանը։
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը կարևորում է դպրոցի անցկացումը. «Ցավոք, մեզ մոտ երիտասարդ մասնագետները շատ դեպքերում չգիտեն՝ ինչպես պատրաստեն և ներկայացնեն գիտական ծրագրեր, ինչ հիմնադրամներ կան, որտեղ կարելի է դիմել և ստանալ համապատասխան ֆինանսավորում։ Այս դպրոցի առաջնահերթ խնդիրներից մեկը հենց այս հարցում մեր երիտասարդ մասնագետներին տեղեկացնելն է»։
Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ուսումնական դպրոցն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան, Եվրոպական կենսաքիմիական միությունների ֆեդերացիան (FEBS) և Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա