Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել
Այսօր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պատասխանատու Արծվին Բաղրամյանը:
Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ում մնացել է մեկ ժամից էլ քիչ, որևէ ցուցմունք չի տվել:
Նշենք, որ այսօր ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում էր թողել. «Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու»:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդագրում նշված է. «Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»: