Վարդան Օսկանյանն այսօր կներկայանա ԱԱԾ (լրացված)
«Այսօր, ժամը 12:00-ին (11:00-ի փոխարեն), Վարդան Օսկանյանը համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած ծանուցագրի` «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին», կներկայանա ԱԱԾ»:
Այս մասին հայտնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:
ԱԱԾ գնալու ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Օսկանյանը:
«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:
Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու: Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»,-նշել է նախկին ԱԳ նախարարն ու ներկա պատգամավորը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին և խափանման միջոցի հարց չի բարձրացվել: Միջնորդագրին կողմ քվեարկեց 64, դեմ` 6 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները