«Հանրապետությունը» միանշանակորեն չի սատարելու Ռ. Քոչարյանին կամ ԲՀԿ-ի առաջադրած որևէ հնարավոր թեկնածուի
«Անզեն աչքով էլ երևում է, որ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի: Մարդկային առումով նույնիսկ կարեկցում եմ Օսկանյանին, բայց պետական-քաղաքական գործիչ լինելու առումով, հատկապես մարտի 1-ի հետ կապված նրա վարքագիծը հաշվի առնելով, պետք է ասեմ, որ այն համակարգը, որը մեզ է հալածել, այժմ ինչ-ինչ նկատառումներից ելնելով հաշվեհարդար է տեսնում Օսկանյանի հետ»,- այսօր անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վ. Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Այս ամեն ինչը ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և պետական կառուցվածքի պերճանքն ու թշվառությունը»,- նշեց նա:
Նրա խոսքերով` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները վերածվեցին իշխանական երկու թևի կռվի: Այսինքն` ընդդիմության մասին ոչ ոք չի խոսում, երբեմն միայն խոսում են ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններից:
Բանախոսի կարծիքով` «քաղաքական սցենարի տրամաբանությունը» տանում է նրան, որ Քոչարյանի հետ համեմատությամբ` Սերժ Սարգսյանը «չարյաց փոքրագույնն» է և պետք է ընտրություններում սատարել նրան:
«Ֆորս-մաժորային իրավիճակ չլինելու դեպքում Սերժ Սարգսյանը միանշանակ կընտրվի»,- հավելեց Ս. Աբրահամյանը:
Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության առաջիկա անելիքներին և նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափին, նա նշեց, որ այս պահին իրենք զբաղված են կուսակցաշինական աշխատանքներով, իսկ նախագահական ընտրություններում դեռ ղեկավար մարմինը որոշում չի կայացրել և կուսակցության դիրքորոշումը հայտնի չէ:
Ս. Աբրահամյանը չբացառեց նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու դեպքում ՀԱԿ-ին կամ Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը: Փոխարենը նշեց, որ «Հանրապետությունը» միանշանակորեն չի սատարելու Ռ. Քոչարյանին (վերջինիս առաջադրվելու պարագայում) կամ ԲՀԿ-ի առաջադրած որևէ հնարավոր թեկնածուի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում