Բրյուսելում կքննարկվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը, հայտնում են ֆինանսների նախարարությունից: Հայկական կողմից նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի հետ կապված հարցեր:
Օրակարգում ներառված են նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր և այլն:
1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում: