«Compass band»-ի պրոդյուսերի խոստովանանքն ու ներողությունը
««Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել «Compass band» խմբի կատարմամբ «Sweetie baby» երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ «Compass band»-ի 4 մասնակիցների լուսանկերները և ձայնագրված «Sweetie baby» երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաև իմ աշակերտ` Միաքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որևէ առնչություն «Compass band»-ի հետ չի ունեցել:
Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել «Sweetie baby» պրոեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա «Compass band»-ի մասնակից չի հանդիսանում»,- նման բովանդակությամբ բաց նամակ է տարածել «Compass band» խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնադրության համաձայն, մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ, սակայն, հայաստանյան ընտրական փուլում հաղթելուց հետո պարզվում է, որ «Compass band» խմբի խմբի անդամներից Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Խնդրի մասին տեղյակ է պահվել «Մանկական Եվրատեսիլի» ղեկավար Սիտցե Բեքերին, ով ասել է, որ հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող «Compass band»-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում:
Զ. Պետրոսյանն ասել է, որ Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: «Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար (Միաքաելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին)` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է»,- խոստովանել է խմբի պրոդյուսերը:
Նա ներողություն է խնդրել Հ1-ի ղեկավարությունից և առաջին հերթին Գոհար Գասպարյանից (Եվրատեսիլ նախագծի պատասխանատու)` նրանց շփոթության մեջ գցելու համար: «Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի և ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով: Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ և հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը»,- բաց նամակը եզրափակել է Զ. Պետրոսյանը:
Նախորդող նորություններ` Այնուամենայնիվ… Compass band-ը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու է «Compass» խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները