«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր . պետք է ոչ միայն պահանջենք, այլ հետապնդենք դատական միջոցներով
«Ինձ համար շատ զարմանալի է, որ հայ պետական գործիչները խոսում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդման մասին: Իմ կարծիքով` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ցեղասպանությունը լայն ճանաչում արդեն գտել է»- այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Ըստ բանախոսի` 20 երկրների, ՄԱԿ-ի, միջազգային տարբեր կառույցների մակարդակով, տարբեր փորձագետների կողմից Մեծ եղեռն արդեն ընդունվել է որպես փաստ և այսօր այլևս իմաստ չունի խոսել ճանաչման մասին:
«Ոչ միայն օգուտ չունի, այլ դա արդեն վնասում է, քանի որ հետապնդում ենք մի բան, որն արդեն ստացվել է: Դա տանում է փակուղի, և ոչ մի առաջխաղացում չի լինելու: Ամեն անգամ, երբ մենք պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, Թուրքիայում ուրախանում են, քանի որ մեր պահանջատիրությունը կանգնած է այդ փուլի վրա: Բայց մեզ համար ճանաչումը շատ քիչ արժեք ունի, քանի որ ամբողջ աշխարհը գիտի այդ փաստը, և ինչ էլ մենք անենք, չենք կարող ստիպել Թուրքիային ընդունել դա: Թուրքերն էլ գիտեն, որ ցեղասպանություն է իրականացվել, բայց չեն ուզում ճանաչել: Դա իրենց գործն է` կճանաչեն, թե` ոչ:Ամոթ, որ այսքան տարիներ շարունակում են հերքել, տարածել կեղծիքներ և սուտը, բայց մենք պետք է այլ մի ստրատեգիա ընդունենք` պահանջենք արդարություն», - ասաց Հ.Սասունյանը:
Ըստ բանախոսի` թեև Հայաստանի իշխանություններն այսօր ի վիճակի չեն ներկայացնել հայկական հողերի վերադարձի պահանջը, նրանք պետք է պահանջեն արդարության ընդունումը` հատուցում, ճանաչում, հանդես գան դատական հայցերով: Նրա խոսքով` հողային պահանջ կարող է ներկայացնել սփյուռքահայությունը:
«Արդարության ճանաչումը ոչ այնքան հստակ տերմին է, որքան ցեղասպանության ճանաչումը: Արդարությունն այն է, որ մենք վերստանանք ամենը, ինչ մենք կորցրել ենք ցեղասպանության ընթացքում: Դժբախտաբար` չենք կարող վերադարձնել նահատակված մարդկանց, բայց կարող ենք պահանջել մեր եկեղեցիների վերադարձը: Մասնավոր սեփականության մակարդակով հողային պահանջ` միջազգային տարբեր դատական կառույցների միջոցով պետք է ներկայացնի ոչ թե պետությունը, այլ` սփյուռքահայությունը: Նույնը նաև գումարների, ապահովագրության հումարների վերաբերյալ: Մենք պետք է ոչ միայն պահանջենք, այլ նաև` դատական միջոցներով հետապնդենք»», - պարզաբանեց նա: